Սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրներն են եղել նույն օրը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հանդիպման առանցքում:
ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։