Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսի հետ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանի սկսած ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ, և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, հաղորդում է Արտգործնախարարությունը։
«Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։ Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը», - նշում է ԱԳՆ-ն։