Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է, հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը:
«Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան», - ասված է հաղորդագրությունում։
Պաշտոնական Ստեփանակերտը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը», - ասված է հաղորդագրությունում։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։
Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։ Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով», - հայտարարում է Արցախի ԱԳՆ-ը։