Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարել է՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը։

«Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, շինարարական վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, տարածաշրջանում սկսվել են տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում։

Բաքուն հայտարարում է, թե «տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»։

Հայտարարությունում նշվում է, որ ադրբեջանական կողմը իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։

Ադրբեջանն այսօր առավոտյան հաղորդեց, թե Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հատվածում Արցախի պաշտպանական բանակի կողմից տեղադրված հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 2 քաղաքացիական անձինք, ովքեր այդ տարածքում էլկտրամոնտաժման աշխատանքներ էին անում։ Մի քանի ժամ անց Բաքուն հաղորդեց մեկ այլ պայթյունի մասին, այս անգամ էլ պնդելով, թե «ահաբկեչության» հետևանքով մահացել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակիցներ:

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է Բաքվի պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG