Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ 2019-ից գործող «Սոցիալական հետազոտությունների կենտրոնը» հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցումներ է անցկացրել Ադրբեջանի քաղաքացիների շրջանում։
Կազմակերպության փոխանցմամբ, հարցված ադրբեջանցիների կեսից ավելին «հավատում է, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի»։
«Հավատո՞ւմ եք, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն» հարցին դրական է պատասխանել հարցվածների կեսից ավելին՝ 53,1 տոկոսը, հարցվածների 33,1 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 11 տոկոսն ասել է ՝ ընդհանուր առմամբ հավատում են, որ Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել և դիվանագիտական կապեր հաստատել։
Կազմակերպությունը նշում է, որ հարցումներն իրականացրել է հեռախոսով՝ այս տարվա սեպտեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 18 տարեկանից բարձր 390 անձ։
Անցած օրերին ադրբեջանական մի շարք անկախ աղբյուրներ ահազանգել են, որ Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի զինված ուժերի կուտակման ֆոնին մի խումբ ակտիվիստների հակապատերազմական ակցիաները բախվում են իշխանական կոշտ քարոզչամեքենային, պատերազմին դեմ հանդես եկող ակտիվիստները հանրային պարսավանքի են ենթարկվում ինչպես պետական լրատվամիջոցների, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների կողմից։