Երևանի մի շարք հասցեներում գրանցված են հարյուրավոր ընտրողներ, ըստ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի՝ յուրաքանչյուր հասցեի դեպքում կա պատճառ:
ԿԸՀ-ում ասուլիսին Ղազարյանը բացատրեց, որ հասցեները պետք է առանձին-առանձին դիտարկել և հասկանալ, որի պարագայում ինչն է պատճառը։
«Ազատությունը» հետաքրքրվեց «Ականատես» դիտորդական առաքելության բարձրաձայնած մեկ այլ ահազանգի վերաբերյալ, որ մարզերից Երևանի յուրաքանչյուր համայնքի ցուցակներում հայտվել էին հարյուրավոր ընտրողներ։ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ՝ դա ՏՏ մասնագետներին առնչվող տեխնիկական սխալի հետևանք է եղել, և հայտնաբերված մարդիկ որևէ պահի չեն եղել Երևանի ընտրողների ցուցակներում:
Ոստիկանության գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել է անճշտությունների ստուգում, նշեց նա. - «ՆԳՆ նախարարի հրամանով ոստիկանության ստորաբաժանումներն այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ և անհամապատասխանության բացահայտումներ, իրականացվել են փոփոխություններն ընտրացուցակներում։ Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 381 անճշտություն, որոնցից 225 դեպքով մահացած անձանց տվյալների հայտնաբերումն է: Մնացած անճշտությունները եղել են հիմնականում տեխնիկական բնույթի»։
Երևանում այսօր ավագանու ընտրություններ են։