Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և «մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք՝ ներգրավվել նման երկխոսության մեջ», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ պաշտոնական Երևանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ. - «Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»:
«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար: Եվ այսօր, նաև այս իմաստով, հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ, ինչպես ասացի, կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները», - հայտարարեց Հայաստանի վարչապետը։