Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հարցերը


Երեկ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Իրանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև:

Ի շարունակություն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև օրեր առաջ կայացած հեռախոսազրույցի՝ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում։

Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը:

Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին։ Ըստ իրանական կողմի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, անդրադառնալով վարժանքներին, նշել է, որ «օտար ուժերի ցանկացած ներկայություն տարածաշրջանում ավելի կբարդացնի այնտեղ իրավիճակը»։

«Իրանի արտգործնախարարն ընդգծել է տարաձայնությունների արմատական պատճառների դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար՝ հավելելով, որ ամենաարդյունավետ և համապարփակ խաղաղության ապահովման ճանապարհը տարածաշրջանային բանակցություններն ու մեխանիզմներն են, այդ թվում՝ 3+3 մեխանիզմը», - նշված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության X-ի (նախկին Twitter) պաշտոնական էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG