Մատչելիության հղումներ

«Բոլորս էլ գիտենք, թե ինչ կարևոր խաղ է մեզ համար». Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը այսօր՝ Էսքիշեհիրում


Թուրքիա - Հայաստանի հավաքականը մարզվում է Էսքիշեհիրի մարզադաշտում, 7-ը սեպտեմբերի, 2023թ., լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի
Թուրքիա - Հայաստանի հավաքականը մարզվում է Էսքիշեհիրի մարզադաշտում, 7-ը սեպտեմբերի, 2023թ., լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի

«Վճռորոշ խաղ», «սկզբունքային դիմակայություն» այսօր երեկոյան թուրքական Էսքիշեհիր քաղաքում կայանալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը երկու երկրներում էլ այս վերնագրերն է ստացել։

Երևանի ժամանակով 22:45-ին իտալացի հանրահայտ մրցավար Դանիելե Օրսատոն կազդարարի երկար սպասված հանդիպման մեկնարկը։ Խաղի նշանակությունը երեկ նախախաղային ասուլիսին Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն էլ ընդգծեց. «Սա վճռորոշ հանդիպումն է, կարծում եմ, որ եթե Թուրքիան հաղթի՝ 90 տոկոսով կապահովի ուղեգիրը, իսկ մենք կբարդացնենք մեր խնդիրը։ Շատ հետաքրքիր խաղ է լինելու»:

Հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգիր կնվաճեն ընտրական խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները։ Իր խմբում Հայաստանն այժմ 6 միավորով երկրորդն է, առաջատարը Թուրքիան է՝ 9 միավորով, լավագույն եռյակը եզրափակում է խմբի ֆավորիտ Խորվաթիան, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրները, սակայն, մեկ հանդիպում պակաս են անցկացրել։

Եթե այսօր Հայաստանի ընտրանին հաղթի, կհավասարվի Թուրքիային, պարտության դեպքում տան տերերն արդեն 6 միավորով առաջ կանցնեն։ Փորձագետների ու մարզական լրագրողների կարծիքով՝ ոչ ոքին կարելի է դրական արդյունք համարել։

Գլխավոր մարզչի հետ ասուլիսին թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանն էր մասնակցում. «Բոլորս էլ գիտենք, թե ինչ կարևոր խաղ է մեզ համար, մենք այս պահին երկրորդ տեղում ենք, 5 հանդիպում է մնացել, բոլորն էլ առանձին եզրափակիչներ են։ Մենք երազանք ունենք և ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար»:

Ընտրական մրցափուլը թիմերը մարտին Երևանում կայացած խաղով սկսեցին, այդ ժամանակ հաղթեց Թուրքիան՝ 1-2 հաշվով։ Այս խաղին ընդառաջ էլ տանտերերը ֆավորիտի կարգավիճակ ունեն։

Ֆուտբոլային հանրահայտ Տրանսֆերմարկետ հարթակը Թուրքիայի ընտրանու ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 251 միլիոն եվրո է գնահատում, խաղացողներ ունեն եվրոպական առաջատար ակումբներում։ Առաջատարն ու ավագը Հենրիխ Մխիթարյանի թիմակից Հաքան Չալհանողլուն է։ Հայաստանի հավաքականի ընդհանուր տրանսֆերային արժեքն ըստ այս հարթակի՝ 31 միլիոն եվրո է։ Մասնագետները, սակայն, շեշտում են Ուկրաինացի Պետրակովի գլխավորությամբ ընտրանու խաղամակարդակը զգալիորեն բարելավվել է, ուստի որակյալ խաղ են ակնկալում հավաքականից։

Երկրպագուները հաղթանակ են սպասում ընտրանուց։ «REd Eagles» շարժման անդամները դա իրատեսական են համարում:

«Իրատեսական են առավել քան երբևէ, երբ որ տեսնում ենք վերջին շրջանում մեր ֆուտբոլիստների խաղերը անհատապես իրենց թիմերում, ակումբներում, բավականին հաջող են ստացվում», - ասաց Անդրանիկ Դալդումյանը:

Կարծում են՝ թիմը հակագրոհներով կփորձի հաջողության հասնել՝ նախաձեռնությունը տալով Թուրքիային:

«Դա ճիշտ կլինի, որովհետև Թուրքիայի հավաքականը թույլ թիմ չի ու ընդհանուր կազմով ավելի հզոր, քան մերը, բայց Պետրակովը մի բան գիտի, տղերքը գիտեն՝ ինչ պետք ա անեն, ամեն ինչ դաշտում կերևա», - նշեց Գեորգի Հովհաննիսյանը:

Երկու թիմերի ֆուտբոլիստները, թե՛ երևանյան և թե՛ այս խաղից առաջ ասում էին՝ սպորտն ու քաղաքականությունն իրար խառնել պետք չէ, իրենց գործը խոտածածկի վրա է։ Հանդիպման քաղաքական ենթատեքստից, սակայն, խուսափել հնարավոր չեղավ։

Մարտին կայացած հանդիպմանն ընդառաջ ավելորդ լարվածությունից խուսափելու համար ՈՒԵՖԱ-ն հատուկ որոշում ընդունեց՝ ըստ որի խաղը պետք է անցկացվի առանց թուրք երկրպագուների։ Որոշումը նաև այսօրվա հանդիպմանն է վերաբերվում։ Էսքիշեհիր քաղաքի մարզադաշտում հայ երկրպագուների համար առանձին տրիբունա նախատեսված չէ։

Ընտրանու հետ Էսքիշեհիր է մեկնել նաև Ազգային ժողովի սպորտի հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգմավոր Սիսակ Գաբրիելյանը։ Պատմեց՝ թուրքական կողմն անվտանգային միջոցառումներ է ձեռնարկել՝ Հայաստանի հավաքականին ոստիկանական շարասյունն է ուղեկցում:

«Մինչև այս պահը որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել, կարող եմ ասել, որ թուրքական կողմն ընդունելությունն իրականացնում է համանման կամ համարժեք հայկական կողմին», - ներկայացրեց Գաբրիելյանը:

Հայ երկրպագուները սրտնեղում են՝ չնայած խաղի կարևությանը համատեղ մեծ դիտումներ Երևանում ոչ մի տեղ չեն կազմակերպում։ Տանը կդիտեն կամ սրճարաններում, փաբերում։ Երեք օր անց հավաքականին արդեն Երևանի Հանրապետական մարզադաշտում կաջակցեն։ Սեպտեմբերի 11-ին ընտրանին կընդունի Խորվաթիային։

XS
SM
MD
LG