Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր ժամանել է Վրաստան, նրան օդնավակայանում դիմավորել է Վրաստանի արտգործնախարարը։
Այցի նախօրեին վրացական մամուլին տված հարցազրույցում Բորելը հայտարարել է, որ Վրաց ժողովուրդը կիսում է Եվրամիության արժեքները և աջակցում է ԵՄ ինտեգրմանը, որ իրենք հավատարիմ են աջակցելու Վրաստանին միության անդամակցության ճանապարհին, և որ Վրաստանի իշխանությունները պետք է օգտվեն այս պատմական պահից: Նա նաև հայտարարել է, որ Եվրամիությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Վրաստանին հատկացրել է 62 մլն եվրո՝ նրա պաշտպանունակությունն ամրացնելու համար։
Ժոզեպ Բորելի Վրաստան այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Բորելը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանականների և քաղհասարակության հետ։ Այցի նպատակն է ծանոթանալ, թե ինչ ընթացքում է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու 12 առաջարկությունների կատարումը։
Բորելի այցը տեղի է ունենում Վրաստանի նախագահի և կառվարության սուր հակասության պայմաններում։ Վրաստանի իշխող կուսակցությունը իմփիչմենթի գործընթաց է նախաձեռնել Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ, քանի որ վերջինս առանց կառավարության համաձայնության և հաստատման, Եվրոպական երկրներ այցեր է կատարում և հանդիպումներ ունենում Եվրոպական ղեկավարների հետ։ Կառավարությունը մեղադրում է նախագահին Սահմանադրությունը խախտելու համար, ըստ որի կառավարությունն է իրականացնում նաև երկրի արտաքին քաղաքականությունն ու հաստատում նախագահի օտարերկրյա այցերը։