Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները հերքում են հայկական կողմից հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումները:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Բաքվի հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում՝ Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, «թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
«Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահոդ հաղորդագրություն՝ պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ», - նշում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը, շեշտելով՝ ակնհայտ է, որ կեղծ հաղորդագրություններով «ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար»։