Մատչելիության հղումներ

Այս տարին հոբելյանական տարեթվերի տարի է. Նկարիչների միության նախագահ


Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան

Նկարիչների միությունն ամենաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է, որտեղ անընդմեջ նորանոր ցուցահանդեսներ են բացվում, տեղի են ունենում հանդիպումներ, քննարկումներ և այլն։

Այսօր Նկարիչների միության սրահներում երկու նոր ցուցահանդես բացվեց, որոնցից առաջինը անվանի դիմանկարիչ, ծաղրանկարիչ, ճարտարապետ Հարություն Չալիկյանի ծննդյան 80-ամյակին նվիրված շատ հետաքրքիր անհատական ցուցահանդեսն է։

Մյուսը մեր ամենահայտնի քանդակագործներից Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված անհատական չափազանց ուշագրավ ցուցահանդեսն է, որտեղ այցելուները մեկ անգամ ևս կտեսնեն թե' մեր մայրաքաղաքը զարդարող Սարգիս Բաղդասարյանի աշխատանքների տարբերակները, թե' նրա հանրահայտ և շատ սիրված ու խորհրդանշական ղարաբաղյան «Տատիկն ու Պապիկը» կամ, ինչպես ինքը քանդակագործն է վերնագրել՝ «Մենք ենք, մեր սարերը» քանդակը, որը դեռ 1967 թվականին վեր է խոյացել Ստեփանակերտի մուտքի մոտ և ցայսօր հյուրընկալում է բոլորին։

Նկարիչների միությունն այս տարի հագեցած էր հոբելյանական ցուցահանդեսներով։ «Ազատությանը» տված հարցազրույցում միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ընդգծեց. - «Այս տարին հոբելյանական տարեթվերի տարի է։ Ունեցել ենք ցուցահանդես Սուրեն Սաֆարյանի հարյուրամյակին նվիրված, Տիգրան Թոքմաջյանի հարյուրամյակին նվիրված։ Այսօր բացվում է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսը։ Ունեցել ենք տարբեր հոբելյանական ցուցահանդեսներ մեր միության անդամների, ունեցել ենք տարբեր նախագծեր՝ թե' միջազգային, թե' տեղական։ Միջազգային ցուցահանդեսներից կարող եմ նշել Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթ-ցուցահանդեսը, որը Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մենք իրականացրեցինք։ Աշունը նորից ցուցահանդեսներով առատ է։ Նաև ունենալու ենք վարպետության դասեր, նաև ունենք նախագծեր մեր մասնաճյուղերի հետ կապված։ Մենք փոփոխություններ ենք կատարել մեր մասնաճյուղերի ղեկավարների։ Պլանավորում ենք նոր մասնաճյուղի բացում, առաջիկայում կտեղեկացնենք։ Աշտարակ քաղաքում ենք պատրաստվում ունենալ»։

Միությունը պատրաստվում է նաև տպագրել իրենց «Արվեստանոց» խորագրով պարբերականի 6-րդ համարը, աշնան վերջին միությունում բացված ցուցահանդեսով կնշեն Շորժայում գտնվող միության ստեղծագործական հանգստյան տան հիմնադրման 50-ամյակը՝ թե' ժամանակակից, թե' նախորդ սերնունդների անվանի գեղանկարիչների Շորժային նվիրված գեղանկարների համատեղ ցուցադրությամբ։

Նկարիչների միության այս հագեցած աշխատանքից, միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով, մեկ ակնկալիք ունեն. - «Ակնկալում ենք, որ մեր արվեստասեր հասարակությունը ակտիվ կլինի ու կհաճախի ցուցահանդեսների։ Իսկ մենք՝ արվեստագետներս, անում ենք ամեն ինչ, որպեսզի մշակութային դաշտը ակտիվ լինի, կարողանանք նաև նոր անուններ բացահայտել և ցուցադրել։ Առաջիկայում՝ սեպտեմբերի 15-30-ը նորից իրականացնելու ենք աշնանային ստեղծագործական հավաքը, և այդ թարմ աշխատանքներով նաև մեր արվեստագետները կկարողանան ցուցադրվել մեր սալոնում»։

Անդրադառնալով միության համալրմանը՝ Սաֆարյանն ասաց. - «Շատ են գալիս երիտասարդներ։ Մենք այս խնդիրը չունենք, պահանջարկը մեծ է։ Դա մի ընթացք է, որը անընդհատ պրոցեսի մեջ է։ Մենք աշխատում ենք երիտասարդների հետ, ուսանողների հետ, և մեր պլեներային ծրագրերին մեր ուսանողները տարբեր մասնագիտական բուհերից մասնակցում են, նաև մեր վարպետության դասերին են մասնակցում։ Այսինքն՝ կապը սերտ է, նրանք շատ հաճախ մեզ մոտ են և գիտեն, թե ինչ է կատարվում նկարիչների միությունում»։

Զրույցի վերջում Սուրեն Սաֆարյանն ասաց, որ իրենց ցուցահանդեսների մուտքն ազատ է. - Մեզ մոտ բոլոր ցուցահանդեսները անվճար են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG