Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը նախագահի ընտրության հարցում քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածության կոչ է անում


Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել պատգամավորներին նախագահի ընտրության հարցում «առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների»:

Հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո դադարեցրել է իր կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունի «Ազատ հայրենիք» կուսակցության հետ՝ Հարությունյանը շեշտել է՝ որևէ կերպ չի կարող և չի ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում։

«Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել և առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով: Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որևէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային», - Ֆեյբուքում գրել է Հարությունյանը։

Անդրադառնալով այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ Հայաստանից հնչող հայտարարություններին, Հարությունյանը «պարզապես խնդրել է չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը՝ այն էլ նման ծանրագույն ժամանակահատվածում»:

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ Ֆեյբուքում գրել է․ - «Եթե Արցախում հայի արյուն թափվի, իսկ ամեն ինչ գնում է դրան, ապա այդ արյունը Արայիկ Հարությունյանի վզին է լինելու»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սպետեմբերի 1-ին հրաժարականի դիմումը ներկայացրեց ԱԺ, Սահմանադրության համաձայն, հրապարակման պահից այն ուժի մեջ է մտնում։ Մինչև Արցախի նոր ղեկավարը ստանձնի պաշտոնը, նախագահի լիազորությունները կիրականացնի խորհրդարանի խոսնակ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը։

Այս պահին Արցախի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածու տարբեր շրջանակներ համարում են Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրով պետնախարար դարձած ԱԽ նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանին։ Նորանշանակ պետնախարարը, ըստ տարբեր աղբյուրների, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է, հենց նրա պաշտոնավարման տարիներին Շահրամանյանը Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG