Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Մասնավորապես` Արցախի ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր՝ մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։ Հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։
Արցախից նաև հայտնում են, որ այսուհետ գործող ալրաղացներում պայմանավորված ստեղծված իրավիճակով կկիրառվեն սահմանափակումներ՝ ամենայն հավանականությամբ մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։
«Դա կախված է,նրանից, թե որքանով հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին, և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։ Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում`քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը», - նշված է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հաղորդագրության մեջ։