Մատչելիության հղումներ

Լավրով․ «Եռակողմ հայտարարությունների կատարման գործում Թուրքիան կարող է կառուցողական և օգտակար դեր խաղալ»


Մոսկվայում համոզված են՝ Անկարան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։ Այս մասին այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք համագործակցության խորացմանը այլ ուղություններով ևս, այդ թվում՝ Անդրկովկասում։ Մենք շահագրգռված են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք շահագրգիռ ենք նաև այն պայմանավորվածությունների կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերից սկսած, այդ թվում այն պայմանավորվածությունների, որ վերաբերում են տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերում», - հայտարարել է Լավրովը։

Նախարարների ասուլիսին նախորդեցին նախ ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Ֆիդանի և Լավրովի դռնփակ բանակցությունները։ Ընդլայնված ֆորմատում բանակցությունների ժամանակ արդեն պարզ էր՝ Ֆիդանի մոսկովյան այցի գլխավոր նպատակը Ռեջեպ Թայիփ Էրդողանի առաջիկա ռուսաստանյան ուղևորության օրակարգի հստակեցումն է։ Թուրքական մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը Սոչի կժամանի արդեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 4-ին։

«Հաշվի առնելով, որ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պատրաստվում են իրենց հերթական հանդիպմանը, կարծում եմ՝ մենք այսօր կարող ենք մանրամասնորեն ուսումնասիրել այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջնորդների կողմից։ Բացի երկկողմ թեմաներից, մեր օրակարգն ու պրակտիկ համագործակցությունը շատ հագեցած են նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում։ Այդ ամենը պարբերական փոխադարձ հստակեցումների կարիք ունի, այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար կլինի և թույլ կտա մեզ մեր առաջնորդների դատին որակյալ խորհուրդներ ներկայացնել», - Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների մեկնարկին ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում ավելի հստակ էր՝ նշելով, թե հատկապես որ խնդիրներն են լինելու մոսկովյան, ըստ ամենայնի, նաև Սոչիում կայանալիք նախագահների քննարկման հիմնական թեմաներից մեկը։

«Այսօրվա մեր օրակարգը շատ հագեցած է։ Այսօր մենք անդրադառնալու ենք երկկողմ հարաբերություններին և գլոբալ խնդիրներին։ Բնական է, որ այսօրվա մեր հանդիպումը և այն հարցերը, որ մենք քննարկելու ենք միաժամանակ նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպման նախապատրաստումն են հանդիսանալու։ Ինչ վերաբերում է քննարկման առարկա հարցերի ցանկին, ապա դրանց թվում են հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնությունը» և պատերազմը [Ուկրաինայում]։ Օրակարգում են նաև Սիրիան ու Հարավային Կովկասը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նշենք, որ սա Հաքան Ֆիդանի առաջին այցն էր Մոսկվա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Մինչ այդ ավելի քան տասը տարի Ֆիդանը զբաղեցնում էր Թուրքիայի ամենաազդեցիկ հատուկ ծառայության՝ Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի տնօրենի պաշտոնը։ Թերևս հենց այդ պաշտոնում Ֆիդանի գործունեությունը նկատի ունենալով էր, որ Սերգեյ Լավրովն այսօր պնդեց՝ Մոսկվայում վստահ են, որ նորանշանակ թուրք նախարարը չի ցանկանա փոխել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների բնույթը։

«Հաշվի առնելով այն պաշտոնները, որ Դուք զբաղեցրել եք նախկինում, պարոն նախարար, մենք վստահ ենք, որ մեր հարաբերություններում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շարունակականությունը կպահպանվի, առավել ևս, որ դա բխում է մեր նախագահների սկզբունքային պայմանավորվածություններից», - ասել է Լավրովը։

Թուրքիայի ԱԳ նախարարը ևս հարկ համարեց հիշեցնել՝ թեև այս պաշտոնում սա իր առաջին այցն է Մոսկվա, բայց Ռուսաստանի մայրաքաղաքն իր համար այնքան էլ անծանոթ վայր չէ։

«Նախկինում ես հաճախ էի այցելում Մոսկվա, սակայն սա իմ առաջին այցն է Ռուսաստան արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Պարոն նախարարի հետ մենք շատ երկար տարիներ է, ինչ ծանոթ ենք», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նրա այցը կշարունակվի նաև վաղը։ Սեպտեմբերի մեկին Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG