Արցախի նախագահի նստավայրի մոտ կեսգիշերին կրակոցներ են հնչել. սիրողական տեսանյութն առավոտյան արագ տարածվեց տելեգրամյան ալիքներով։ Ժամեր անց Արցախի իրավապահները հայտարարեցին՝ 40 և 42-ամյա տղամարդիկ են ձերբակալվել՝ Ասկերանի և Ստեփանակերտի բնակիչներ են։
Քրեական գործ է հարուցվել մի քանի ծանր հոդվածներով՝ սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք պահելը։ Կոնկրետ ում էին ուղղված այդ կրակոցները, ում սպանության փորձի մասին է հայտնում Արցախի քննչականը՝ պարզ չէ, Ստեփանակերտից այլ մանրամասներ չեն հայտնում։
Արցախի նախագահի մամուլի խոսնակի հետ ողջ օրվա ընթացքում կապ հաստատել չհաջողվեց, Արցախի խորհրդարանի իշխանական պատգամավորները կա՛մ անհասանելի էին, կա՛մ ուղղակի անարձագանք թողեցին «Ազատության» զանգերը։
Ժամեր անց իշխանական 16 պատգամավորներից «Ազատության» զանգերին արձագանքեց միայն «Ազատ հայրենիք»-ի պատգամավոր Արևիկ Պետրոսյանն ու իր կարծիքը փոխանցեց, թե դա սպանության փորձ չի եղել։ Ասաց՝ մարդիկ էլ չեն դիմանում տոտալ շրջափակմանը, արցախցիների նյարդերը պրկված են։
«Ես վստահ եմ՝ սա մահափորձ չի եղել։ Ընդհանուր իրավիճակից ելնելով՝ նյարդերի բորբոքում է», - նշեց նա։
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջների հետ սա ոչ մի կապ չունի»,- նաև պնդեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի պատգամավորը. - «Նախագահը բավականին համբավ ունի, բավականին ռեյտինգը բարձր է հասարակության մեջ, և վստահությունն է բարձր, ուղղակի չեն դիմանում մարդիկ։ Շատ է լարված իրավիճակը»։
Արցախի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ տղամարդիկ նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցության տակ են գնացել Արայիկ Հարությունյանի նստավայր ու կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Տուժողներ չկան։