Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտումների փոխադարձ մեղադրանքներ հայկական և ադրբեջանական կողմերից


Այսօր առավոտից արդեն երեք անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հայտարարությունները, թե Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել մի քանի ուղղություններով, ինչպես նաև վիրավորել մի ադրբեջանցի զինծառայողի։

Բաքուն ավելի վաղ պնդել էր, թե «հայկական կողմի սադրանքի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող», սակայն չէր հստակեցրել, թե որտեղ և ինչի հետևանքով է վիրավորվել նա, ապա հայկական կողմին մեղադրել էր «իրավիճակն էսկալացնելու փորձի» մեջ։

Մյուս կողմից այսօր Բաքուն նաև արցախյան ուժերին է մեղադրել իրենց դիրքերին մոտ գտնվող տարածքներում «ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար», որոնց ի պատասխան, պնդում է, «չեզոքացրել են հայկական ուժերի տեխնիկական միջոցները»։

Ստեփանակերտն, իր հերթին, հայտնեց, որ այսօր կեսօրն անց ադրբեջանական զինուժը նորից կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։ Տեղի էին ունեցել նաև հրադադարի այլ խախտումներ, որոնց մասին հաղորդվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությամբ կրակոցների մասին չեն հաղորդել. երեկ մարզի Ախպրաձոր համայնքից ոչ հեռու դիրքում հրազենի կրակոցից մահացել է զինծառայող Վանիկ Ղազարյանը։

Ապրաձորում երեկ կրակոցներ լսել էին։

«Ժամը 3 անց կես էր՝ կրակոցներ էր գալիս, մինչև 4 անց կես վերջացավ։ Դրանից հետո չի եղել։ Զոհի մասին չենք իմացել, մինչև ֆեյսբուքներում չգրվեց», - «Ազատությանը» փոխանցեց Ախպրաձորի վարչական ղեկավար Լավրենտ Ղազարյանը։

Այսօր արդեն, հավելեց նա, գյուղի սահմաններից կրակոցների ձայներ չեն լսել, իսկ սահմանային դիրքերը գյուղի տների վերջին շարքից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա են։ Պատերազմից հետո սահմանամերձ դարձած այս համայնքում պարբերաբար հնչող կրակոցներին արդեն սովոր են, փորձում են գյուղատնտեսական աշխատանքները կատարել առանց դրանց ուշադրություն դարձնելու։

Վերջին ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 13-ից մինչև այսօր, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ամեն օր պնդել է, թե Հայաստանի զինված ուժերը խախտում են հրադադարը, Երևանը հերքել է այդ պնդումները։ Երևանն ի տարբերություն Բաքվի ամեն օր չի, որ հաղորդում է Ադրբեջանի կողմից հրադադարի խատումների մասին։

Վերջին 10 օրերին իրավիճակն արտասովոր է. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը շարունակ առաջնորդվում է հայկական կողմին մեղադրանքներ ներկայացնելու այս քաղաքականությամբ, բայց վերջին 10 օրերին իրավիճակն ամեն դեպքում արտասովոր է։

«Այս իրավիճակն արտառոց է այն առումով, որ այնուամենայնիվ, վերջին մի քանի ամիսների ընթացքում իրավիճակը քիչ թե շատ կայուն էր, կարծես թե հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի թիվը նվազել էր, և այս ակտիվացումը, կարծում եմ, կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման հետ։ Տեսանք, որ Ադրբեջանը մինչև այդ քննարկումը բոլոր հնարավոր գործիքակազմերով սկսեց էսկալացնել իրավիճակը, դիվանագիտական դաշտում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց»։

Հայաստանի վարչապետն ու Ադբեջանի նախագահը վերջին անգամ բանակցել են հուլիսի կեսին Բրյուսելում, ինչից հետո հատկապես Արցախի ամբողջական շրջափակման ֆոնին որևէ առաջընթաց չկա խաղաղության բանակցություններում, սակայն ըստ Գրիգորյանի՝ իրավիճակը ակտիվ է Արցախի շուրջ, ինչի պատճառով էլ Ադրբեջանը դիմում է սահմանային սադրանքների. - «Հայաստանի սուվերեն տարածքում հենց դիմելով նման գործողությունների՝ փորձում է զսպել Հայաստանի քայլերը հենց ղարաբաղյան ուղղությամբ»։

Քաղաքագետի կարծիքով՝ Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի ֆոնին միջնորդների առաջարկներով քննարվում են շրջափակման վերացման փոխզիջումային տարբերակներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG