Մատչելիության հղումներ

7 բուժառուներ այսօր Արցախից տեղափոխվել են Հայաստան


Այսօր 7 բուժառուներ ուղեկցողների հետ միասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունը միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին։

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ, հայտնում է նախարարությունը՝ նշելով, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևան հիվանդներ էին տեղափոխվում, ադրբեջանցիները հենց անցակետից առևանգեցին սրտի վիրահատության համար Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։ Դրանից հետո շուրջ 11 օր Բաքուն արգելեց հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։

XS
SM
MD
LG