Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխության համաձայն, Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը։
Այս փոփոխությունը խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունել էր դեռ հունիսին։ Հուլիսի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է այդ փոփոխությունը և այն մտել է ուժի մեջ, «Ազատության» փոխանցեցին նախագահի գրասենյակից։
Համաձայն այդ փոփոխության՝ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը նախագահ է ընտրում «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո։ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը»:
Սա նշանակում է, որ եթե օրինակ, գործող նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչև 2025 թվականը։ Հարությունյանը ընտրվել է 2020 թվականի մայիսին՝ հինգ տարի ժամկետով։