Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը շատ կարևոր էր


«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 20-ի թողարկման հյուրն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցը աննշան կրճատումներով.

ԱՄՆ-ը չի շտապում կասեցնել 907-րդ ուղղումը

«Ազատություն». - Նախքան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի քննարկմանն անցնելը ուզում եմ Ձեզ հետ խոսել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու նպատակով 907-րդ հոդվածը ժամանակավորապես կասեցնելու ձգձգման մասին։ Որպեսզի ԱՄՆ վարչակազմը կարողանա ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին, պետք է նախ կասեցնի Ադրբեջանին ռազմական օգնության հատկացման արգելքը Կոնգրեսի կողմից։ Մենք իրականում չգիտենք՝ սա Բայդենի վարչակազմի միտումնավո՞ր քայլ է, թե՞՝ ոչ։ Բայդենի վարչակազմը, մինչ այդ նաև Թրամփը, Օբաման, Բուշը կասեցնում էին այդ արգելքը ամեն տարի, որ կարողանան ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Սակայն այս տարի այդ օգնության հարցով Սպիտակ տունը ձգձգում է իր որոշումը։ Politico հանդեսը հայտնում է, որ Միացյալ Նահանգները հետաձգում է 907-րդ հոդվածի կասեցումը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ ռազմական օգնության հատկացումը Ադրբեջանին հետաձգվում է։ Ըստ Ենթադրությունների՝ ԱՄՆ-ը հիասթափված է, որ Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանցքը բացելու իր բազմաթիվ կոչերը Լաչինի միջանցքը բացելու մասին: Որքանո՞վ դա կարող է արդյունավետ լինել իբրև Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Կաշխատի՞ արդյոք այն ու այդպե՞ս է դա արդյոք։

Ռիչարդ Կիրակոսյան․ - Շատ լավ հարց է, և իրականում ես աշխատում էի Միացյալ Նահանգների Սենատում «Ազատության աջակցության ակտի» առաջին օրենսդրական գործակցման ժամանակ: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը փաստացի խիստ սահմանափակումներ է դնում Ադրբեջանին ԱՄՆ պաշտոնական օգնության համար: Դեռ 90-ականներին, երբ 907-րդ հոդվածը մշակվեց օրենսդրորեն, դա եղել է ի պատասխան Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման և Ադրբեջանի ագրեսիայի։ Այսօր մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիան։ Սակայն տարիների ընթացքում 907-րդ հոդվածը թուլացվել է և, ինչպես տեսնում ենք, կարող է կասեցվել նախագահական հրահանգով, ինչն ավանդույթ է դարձել Վաշինգտոնում: Տարբեր նախագահներ՝ Քլինթոնից մինչև Օբամա և այլք, նախագահական հրահանգներով կասեցնում էին այն՝ թույլ տալով Ադրբեջանին օգնություն տրամադրել՝ չնայած 907-րդ հոդվածին:

Սակայն այժմ տեղի է ունենում այն, որ Միացյալ Նահանգները չի շտապում այդ կասեցումն իրականացնել: Ավանդաբար դա արվում է հունիսին: Հիմա դա արդեն ուշացել է, և դա մատնանշում է երեք հատուկ գործոններ, որոնք բացատրում են, թե ինչու։

Նախ՝ Միացյալ Նահանգները շատ լծակներ չունի։ 907-րդ հոդվածը Ադրբեջանի նկատմամբ լծակի հազվագյուտ օրինակ է, որն այժմ ԱՄՆ-ն օգտագործում է: Երկրորդ կարևոր տարրն այն է, որ Պենտագոնի համար է, ԱՄՆ զինվորականների համար Ադրբեջանն այժմ շատ ավելի պակաս կարևոր է, շատ ավելի քիչ ռազմավարական նշանակություն ունի Աֆղանստանից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո: Սա Ադրբեջանին զրկում է նաև Պենտագոնի աջակցությունից Վաշինգտոնում։ Բայց երրորդ պատճառն ամենահետաքրքիրն է։ Ամերիկյան զայրույթն ու հիասթափությունը ոչ միայն Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ է, այլ նաև կապված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների Վաշինգտոնի վերջին փուլի հետ: Բայդենի վարչակազմը և պետքարտուղար Բլինքենն Ադրբեջանից ավելին էին սպասում: Եվ հենց ադրբեջանական կողմն էլ չկարողացավ արդարացնել այդ սպասումները։

Այսպիսով, այս համատեքստում սա է մոտիվացիան: Չեմ կարծում, որ դա բավարար է: Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստվում է արձագանքել այս ճնշմանը։ Ու դա պարզապես բավարար չէ։

ՄԱԿ ԱԽ-ում քննարկումը շատ կարևոր էր

«Ազատություն»․ - Հիմա անդրադառնանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ մշտական անդամները, խոստովանել են, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է։ Գրեթե բոլորն ընդգծել են, որ հումանիտար ճգնաժամը քաղաքական նպատակներով օգտագործելն անթույլատրելի է։ Նրանք բոլորը կոչ են արել Ադրբեջանին, իսկ ոմանք կոչ են արել կողմերին ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստանա մարդասիրական օգնություն և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժվելու իրավունք։ Կային նաև տարբերություններ: Օրինակ՝ Ռուսաստանը մեծապես խթանում էր Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Բայց ընդհանուր առմամբ, հանդիպման մասնակիցները, կարելի է ասել, միաձայն կոչ արեցին սննդամթերքի, առաջնային առողջապահական խնամքի և տեղաշարժի ազատության անարգել հասանելիություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Սակայն քննադատներն ասում են, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՄԱԿ-ը և մյուսները շարունակում են մտահոգություններ, խորը մտահոգություններ հայտնել, ասում են, որ խորապես անհանգստացած են, բայց Ադրբեջանն անտեսում է դրանք և շարունակում է շրջափակումը: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ էր կարևոր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս հանդիպումը: Դա կօգնի՞ լուծել իրավիճակը։

Ռիչարդ Կիրակոսյան․ - Կարծում եմ, որ դա շատ կարևոր է, բայց ոչ այն պատճառով, ինչ թվում է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս գործողության իրական նշանակությունն ավելի կարևոր է որպես Հայաստանի դիվանագիտական նախաձեռնություն Ադրբեջանի հետզհետե դիվանագիտական մեկուսացման համատեքստում: Սա իրականում փոխում է դինամիկան: Ադրբեջանն առաջին անգամ է պաշտպանական դիրքում՝ արձագանքելով Հայաստանի դիվանագիտական նախաձեռնությանը։ Դա շատ կարևոր է: Չեմ կարծում, որ դա բավարար է: Խոսքի առումով դա հաճելի է, բայց գործերն ավելի մեծ նշանակություն ունեն: Ուստի ես երկու առաջարկություն կանեի Հայաստանի կառավարությանը միջազգային աջակցության և աջակցության այս նոր հնարավորության մեջ։

Նախ՝ Հայաստանի համար կարող է շատ արդյունավետ լինել խաղաղ գործընթացից դուրս գալու սպառնալիքը: Այսինքն, սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերին։ Միգուցե Հայաստանին անհրաժեշտ է ուժեղացնել կարմիր գիծը և հրաժարվել բանակցություններից, քանի դեռ Ադրբեջանը չի հանել շրջափակումը:

Երկրորդ առաջարկս վերաբերում է Միացյալ Նահանգների «սառը պատերազմի» ժամանակաշրջանի պատմությունը դիտարկելուն: 11 ամիս Միացյալ Նահանգները դիմակայում էր Բեռլինի շրջափակմանը։ Ու այդ ժամանակ Արևմուտքի պատասխանը Բեռլինի օդային կամուրջն էր: Սա պետք է դիտարկել՝ օդային փոխադրում առանց ռազմական ագրեսիայի իրական ռիսկի: Ու ես իսկապես կարծում եմ, որ դա կարևոր նախադեպ է այս հնարավորության առումով:

Բաքուն ռիսկի է դիմում՝ նվաստացնելով և մարտահրավեր նետելով Կրեմլին

«Ազատություն»․ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած հանդիպման ժամանակ ի հայտ եկան որոշ էական տարաձայնություններ: Խոսքս Ռուսաստանի դիրքորոշման մասին է. Ռուսաստանը քարոզում էր այն տեսակետը, որն օգտագործում էին Բաքուն և Անկարան։ Կարծում եմ՝ այս երեք երկրների հայտարարություններն ապշեցուցիչ նմանություններ ունեին։ Այն, որ Ռուսաստանը դաժանորեն վաճառել է իր նախկին դաշնակից Հայաստանին, ակնհայտ է դառնում հատկապես այսպիսի բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս շաբաթվա նիստը վառ կերպով բացահայտեց Մոսկվայի դավաճանությունը Հայաստանին։ Մյուս կողմից՝ մենք կարող ենք տեսնել նոր դաշնակիցների և բարեկամ երկրների ի հայտ գալը միջազգային հարթակում։ Ֆրանսիան հավատարիմ դաշնակցի օրինակներից է, որն ընդգծված հայամետ դիրքորոշում ունի, և Միացյալ Նահանգների դերը Հայաստանի անվտանգության հարցում դառնում է վճռորոշ։ Ո՞րն է Ձեր վերլուծությունը այս հարցերի շուրջ:

Ռիչարդ Կիրակոսյան․ - Կարծում եմ՝ մենք իրականում տեսնում ենք տարբերություններ և տարաձայնություններ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այս եռակողմ դաշինքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ Ռուսաստանում երկար հիշողություն ունեն, և Ադրբեջանի ղեկավարությունը ռիսկային քայլի է դիմում՝ նվաստացնելով և մարտահրավեր նետելով Կրեմլին: Սա Մոսկվայում չի ներվի ու չի մոռացվի։ Բայց ես իսկապես կարծում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումն այժմ իր դեմքը փրկելն է, փաստացի արձագանքելը սեփական նվաստացմանը՝ պաշտպանելով Աղդամի միջանցքի գաղափարը, քանի որ Ռուսաստանը չի կարողացել կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները:

Մյուս կողմից, Թուրքիայում ընտրություններից հետո մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները փոխվում են, դրանք շատ ավելի թույլ են։

Այնպես որ, կարծում եմ՝ մենք այժմ տեսնում ենք, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս թուլության, այլ ոչ թե ուժի, անապահովության, այլ ոչ թե վստահության դիրքերից: Միևնույն ժամանակ, Հայաստանը կամուրջներ է կառուցում դեպի Ասիա՝ դեպի Հնդկաստան, Չինաստան։ Այսինքն՝ սա շատ ավելի լայն է, քան ԱՄՆ-ն ընդդեմ Ռուսաստանի համատեքստը։ Ու Հայաստանը հաջողությամբ խուսափեց Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման ասպարեզ դառնալուց։

Փոփոխություն ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում

«Ազատություն»․ - Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մասին։ Տեսնու՞մ եք, որ այս մերձեցումն առաջ է ընթանում: Նկատի ունեմ ռազմական, քաղաքական կապերի ամրապնդում։ Ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ: Արդյո՞ք որակական փոփոխություն կա երկու երկրների հարաբերություններում՝ նախորդ ժամանակաշրջանների համեմատ։

Ռիչարդ Կիրակոսյան․ - Այն, ինչ մենք տեսնում ենք, քաղաքականության և կեցվածքի փոփոխություն է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի կողմից։ Եվ տարբերությունը Վաշինգտոնում Բայդենի վարչակազմի որոշումն է՝ իրականում ուժ տալ և հզորացնել Հայաստանը, ուժ տալ և հզորացնել նաև ավելի ժողովրդավարական Հայաստանի ռազմավարական նշանակությունը: Սա այլևս ժողովրդավարության խթանման ԱՄՆ քաղաքականություն չէ, այլ ժողովրդավարության պաշտպանություն է: Դրա ամենատեսանելի վկայությունն է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին այցը Սյունիքի մարզ և Վայոց ձոր՝ ԱՄՆ հանձնառությունը դրսևորելու առումով։ Բայց Հայաստանի համար սխալ կլիներ, ես կասեի, չափից դուրս վստահ լինելը կամ պարզապես ԱՄՆ-ի կարևորությունը գերագնահատելը։ Եվրոպական դիտորդներն են, եվրոպական ներգրավվածությունն է, որ հավանաբար ավելի արդյունավետ է:

Նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է չբավարարել Ադրբեջանին

«Ազատություն»․ - Հիմա եկեք խոսենք խաղաղության և պատերազմի հնարավորությունների մասին այս ավելի ու ավելի պայթյունավտանգ դիմակայությունում, որը դեռ կառավարելի է թվում: Բայց իրավիճակը տեղում կարող է ակնթարթորեն փոխվել։ Օրինակ՝ սահմանապահների միջև փոխհրաձգության ցանկացած միջադեպ կարող է արագորեն վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Մյուս կողմից՝ չնայած Լեռնային Ղարաբաղի շուրջ, Լաչինի միջանցքի շուրջ բոլոր տարաձայնություններին, երկու երկրները դեռ հույս ունեն հասնել խաղաղության։ Միջազգային դերակատարները նույնպես փորձում են քաջալերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել տարաձայնությունները, հավատարիմ մնալ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածություններին և շարունակել խաղաղ գործընթացը։ Որքանո՞վ եք անհանգստացած, որ պատերազմ կարող է սկսվել, և որքանո՞վ եք լավատես, որ խաղաղությունը հասանելի է:

Ռիչարդ Կիրակոսյան․ - Ես կասեի՝ եթե ավելի ուշադիր նայենք ներկայիս իրավիճակին, ապա մենք ունենք միջնադարյան պաշարում, Լեռնային Ղարաբաղի շրջափակում կամ պաշարում՝ «Գահերի խաղը» սերիալի ոճով։ Հետաքրքիր է, որ հաճախ մոռանում ենք, որ սա նորություն չէ և զարմանալի չէ։ Դա, եթե կուզեք, ընդամենը ադրբեջանական վերջին էսկալացիան է անապահովության նոր աննորմալ վիճակի: Ավելին, ի տարբերություն տարերային աղետի, սա սով չէ, սա երաշտ չէ՝ սա մարդու ստեղծած ճգնաժամ է, որը դարձել է աղետ մարդկային կորուստներով։ Թիրախում է խաղաղ բնակչությունը։ Դա կողմնակի վնաս չէ, դա պատերազմ չէ զինվորականների դեմ: Դա ավելի շուտ Ադրբեջանի պատերազմն է անմեղ խաղաղ բնակչության դեմ:

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտության համար պետք է հիշել, որ այն քիչ առնչություն ունի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ։ Խաղաղության շուրջ բանակցությունները երկկողմանի են, միջպետական։ Խաղաղության պայմանագիրն ինքնին շատ ավելի շատ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին և շատ ավելի քիչ՝ Լեռնային Ղարաբաղի ապագային: Դա իրականում հանգեցնում է մեկ այլ մտահոգության: Ինձ շատ ավելի շատ մտահոգում է ոչ թե խաղաղ գործընթացը կամ հաշտության պայմանագիրը, ինձ անհանգստացնում է այն, թե ինչ կլինի հաջորդ օրը, որտեղ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը բավարար չի լինի Ադրբեջանին, և իրական ռիսկն ու վտանգն այն է, որ Ադրբեջանը երբեք չի բավարարվի։ Իսկ Ադրբեջանում ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ նրանց պետք է ու նրանք ուզում են հակամարտություն ու թշնամի ունենալ։

Ապագան շատ ավելի շատ Հայաստանի կողմն է, այլ ոչ թե Ադրբեջանի

«Ազատություն»․ - Հետաքրքիր դիտարկում է: Քանի որ Դուք նաև ռազմական հարցերով փորձագետ եք, ես կցանկանայի լսել Ձեր տեսակետն այն մասին, թե ինչ կպահանջվի Հայաստանից, որպեսզի իր բանակն արդիականացնի սպառազինությունը՝ համապատասխանեցնելով ժամանակակից պատերազմի պահանջներին: Քննադատություն կա, որ Հայաստանը դեռևս բավականաչափ ջանք չի գործադրում՝ արդիականացնելու իր բանակի մարտունակությունը՝ բարեփոխելով այն և ստեղծելով բարձր շարժունակության բանակային ստորաբաժանումներ՝ հատուկ ռազմական տեխնիկայով, որոնք կարող են արագ տեղակայվել բոլոր դժվարին իրավիճակներում: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունն անում է այն, ինչ պետք է անի այս թշնամական միջավայրում՝ ձեռք բերելու ժամանակակից սպառազինություն, բարձր ճշգրտության հրթիռային կայաններ, հարձակողական անօդաչու թռչող սարքեր, հետախուզական անօդաչու թռչող սարքեր ու սարքավորումներ և հետախուզական տեխնոլոգիաներ:

Ռիչարդ Կիրակոսյան․ - Կարճ պատասխանն է՝ «ոչ»: Ավելի երկար պատասխանն այն է, որ նման քայլերը կամ միջոցները ճիշտ չեն Հայաստանի ներկայիս պաշտպանության և անվտանգության կարիքների համար։ Այսօր Հայաստանում պաշտպանական բարեփոխումների ոգին և մտադրությունը պաշտպանական կարողությունների ձևավորումն է։ Մենք պարզապես շատ թուլացել ենք Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական զինված ուժերին հասնելու համար: Հետևաբար, մենք պետք է ներդրումներ անենք, ինչպես և անում ենք, ավելի շատ որակի, քան քանակի մեջ, արհեստավարժություն ու արդիականացման մեջ, բայց պաշտպանողական տեսանկյունից, այլ ոչ թե Ռուսաստանի նման անվստահելի աղբյուրներից ավելի ցածրորակ զենքեր փնտրենք: Ահա թե ինչու, ի պատիվ Հայաստանի կառավարության, Հնդկաստանից զենքի խոշոր գնումը նույնպես շատ ողջունելի էր։

Բայց ինձ այլ բան է անհանգստացնում: Ինձ անհանգստացնում են Հայաստանի Զինված ուժերում ծառայակիցների կողմից մեկը մյուսի սպանության դեպքերը, ոչ-կանոնադրական հարաբերությունները զինվորականների շարքում: Նախորդ իշխանությունների ժամանակներից մնացած այս խնդիրն անընդհատ կրկնվում է։ Բայց դրան արդարացում չկա: Եվ դա ցույց է տալիս Հայաստանի Զինված ուժերում կարգապահության բացակայությունը։

Սակայն ի վերջո, պաշտպանական բարեփոխումներում ներդրումները պետք է արվեն կրթության, ռազմական պատրաստության և դոկտրինի, պաշտպանական մարտավարության և օպերատիվ կարողությունների մեջ: Սա սերնդային ներդրում է։ Ապագան շատ ավելի շատ մեր Հայաստանի կողմն է, այլ ոչ թե Ադրբեջանի։ Բայց իրական արդյունքները մի քանի տարի կպահանջեն դրսևորվելու համար։

Հնարավոր է՝ անկարգությունների և թուլության շրջան տեսնենք Ադրբեջանի ներսում


«Ազատություն»․ - Հետաքրքիր է։ Դուք նոր շատ հետաքրքիր բան ասացիք՝ Դուք շեշտեցիք, որ Ադրբեջանին կամ Ալիևի ռեժիմին միշտ թշնամի է պետք։ Մենք տեսնում ենք նաև, որ այդ երկրում քաղաքական իրավիճակը չի բարելավվում։ Կարելի է տեսնել, որ մարդու իրավունքների ոտնահարումները շատ դաժան կերպով շարունակվում են։ Եվ մենք տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ ադրբեջանցի ակտիվիստներ են առաջ գալիս ու խոսում այդ ոտնահարումների մասին։ Որոշ ձայներ են լսվում նաև Ալիևի ռազմատենչ դիրքորոշման մասին, և կա քննադատություն։ Նրանք նաև քննադատում են իրենց վարչակազմին Հայաստանի հետ իրական խաղաղության չձգտելու համար։ Ի՞նչ կարծիքի եք Ադրբեջանի ներքին իրավիճակի վերաբերյալ: Որևէ հույս տեսնու՞մ եք, որ օրերից մի օր երկրի ներսում ինչ-որ փոփոխություններ կլինեն։

Ռիչարդ Կիրակոսյան․ - Ադրբեջանի ներսում փոփոխություններն իրականում երաշխավորված են։ Սակայն սպասվող փոփոխությունների մեծ մասը մեզ համար բացասական կլինեն։ Մենք տեսնում ենք, սակայն, որ 2020 թվականի պատերազմը, Ղարաբաղի համար պատերազմը Ադրբեջանի համար բավարար հաղթանակ չէր։ Այն վտանգավոր աստիճանի թերի էր։ Նրանք բավականաչափ չհաղթեցին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարությանը, ապա Ալիևը «վագր է քշում», նա վտանգավոր ազգայնականության լարով է քայլում և գտնվում է Բաքվի ներսում Ռուսաստանի և Թուրքիայի կողմից աջակցվող մրցակցող տարրերի միջև: Սա նաև առայժմ արդյունավետ է ժողովրդավարության բացակայությունից և Ալիևների ընտանիքից, կոռուպցիայի դինաստիայից ուշադրությունը շեղելու առումով, բայց այդ շեղումը հավերժ չի տևի: Եվ ես իսկապես կարծում եմ, որ մենք արդեն տեսել ենք բեկումնային կետի սկիզբը: Վերջին շաբաթներին մենք տեսանք, որ դրոշի շուրջ հավաքվելու այս ալիքում ձերբակալվել են նույնիսկ Ալիևի կառավարության կողմնակիցները, աջակիցներից մի քանիսը, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, նախկին խաղաղության ակտիվիստները, նախկին չափավորները։ Եվ դա ցույց է տալիս, որ Ալիևի ռեժիմն այժմ շրջվում է սեփական ժողովրդի դեմ նույնիսկ հաղթանակի բերած վստահության պայմաններում։

Ու այս համատեքստում, հաշվի առնելով 90-ականների ռազմական հեղաշրջման նախադեպը, ինչպես նաև Թուրքիայի կողմից աջակցվող ու վտանգավոր աստիճանի հավակնություններ ունեցող պաշտպանության նախարարի առկայությունը, թերևս, հնարավոր է, որ անկարգությունների և թուլության շրջան տեսնենք Ադրբեջանի ներսում: Արցախի ապագայի և Հայաստանի անվտանգության առումով Ադրբեջանի այդ ներսից պայթյունի վերաբերյալ հարցն այն է, թե երբ ու ինչպես դա տեղի կունենա, այլ ոչ թե՝ տեղի կունենա՞ արդյոք: Ու կարծում եմ, որ Ադրբեջանի մոտալուտ անկայունությունը նկատառման և մտահոգության առարկա է դարձել Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի համար:

Թուրքիային թույլ տրվեց նախապայման դնել կարգավորման գործընթացում

«Ազատություն»․ - Հիմա անդրադառնանք հայ - թուրքական հարաբերություններին. Ի՞նչ է կատարվում այստեղ։ Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի տեսանելի ջանքերին, շոշափելի արդյունքներ չեն նկատվել։ Փաստորեն, դեռ հակառակն է տեղի ունենում. Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին, անկախ նրանից՝ դա սխալ է, թե ճիշտ։ Թուրքիան չի էլ փորձում ձևացնել, թե անկողմնակալ է, միշտ ասում է, որ անկախ ամեն ինչից՝ կանգնելու է Ադրբեջանի կողքին։ Թվում է, թե անհնար է նորմալ հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որը չի փորձում ձեզ հետ արդար խաղ խաղալ տարածաշրջանում։ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, բայց թուրքական կառավարությունն ասում է՝ «ոչ, նախ Ադրբեջանը, ինչ էլ լինի, մենք աջակցելու ենք Ադրբեջանին»։ Այս իրավիճակում ինչպիսի՞ն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Ռիչարդ Կիրակոսյան․ - Կարևոր է հիշել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը Փաշինյանի վարչակազմի արտաքին քաղաքական միակ տարրն է, որը Սերժ Սարգսյանի շարունակությունն է։ Այսինքն՝ ֆուտբոլային դիվանագիտությունը շարունակվում է այլ ձևով։ Սա կարևոր է նաև թերությունները բացահայտելու և ռազմավարության առումով։ Նկատի ունեմ այստեղ այն, որ Թուրքիան հասկացրել է, որ չի պատրաստվում և չի կարող անել որևէ բան, որ կխաթարի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Սակայն Թուրքիան շատ դժգոհ է գերիշխող Ադրբեջանի հանդեպ սեփական թուլությունից: Եվ պետք է հիշել, որ Ադրբեջանն այժմ թիվ մեկ օտարերկրյա ուղղակի ներդրողն է Թուրքիայում։ Տնտեսական ճգնաժամի ժամանակ նրանք [Ադրբեջանը] կշիռ ու ազդեցություն ունեն։

Սակայն Թուրքիային, ցավոք, թույլ տրվեց նախապայման դնել մի գործընթացում, որը ենթադրվում էր, թե կընթանա առանց նախապայմանների։ Թուրքիայի նախապայմանը կարգավորման հարցում ոչինչ չանելն է, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Սխալ էր թույլ տալ, որ Թուրքիան կարողանա անել դա:

Բայց ես կարծում եմ, որ Թուրքիան նույնպես անհանգստացած է Ադրբեջանի՝ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշվելու հնարավորությամբ:

Իսկ Հայաստանն ավելի կարևոր է Թուրքիայի համար այս վերջին ընտրություններից հետո, քանի որ Ռուսաստանը փաստացի դուրս թողեց Թուրքիային առևտրի և տրանսպորտի վերականգնման բոլոր նախագծերից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միակ ճանապարհն է Թուրքիայի համար՝ վերականգնելու տարածաշրջանային դերը տնտեսության և առևտրի ոլորտում:

Այնպես որ, կարծում եմ, մենք չպետք է ընկալենք Թուրքիային որպես նախկինում եղած ուժեղի: Ավելի շուտ, եթե նայենք Հունաստանի և Թուրքիայի միջև կամ Կիպրոսում տեղի ունեցող զարգացումներին, ապա սա Թուրքիայի ծերացող, ավելի թույլ ղեկավարության ժամանակաշրջանն է, որի պարագայում Թուրքիան շատ ավելի խոցելի է: Այսպիսով, ես կասեի նաև, որ թուրքական ռազմական աջակցությունն Ադրբեջանին նույնպես շատ ավելի քիչ է, որովհետև Ալիևն ավելի շատ է դիմում իր բարեկամ Նեթանյահուին՝ Իսրայելի վերադարձած առաջնորդին: Ու ավելի շատ շփում կա, որ մակերեսին չէ։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 20-ի հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG