Մատչելիության հղումներ

Զինծառայող Խնկոյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբ պետին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Զինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբ պետին, հաղորդում է Քննչական կոմիտեն:

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի («Զինծառայողին ինքնասպանության հասցնելը») 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթի նախաքննության արդյունքում «փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում:

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը նույն օրը ժամը 8:40-ի սահմաններում տվյալ վայրում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք: Սպան ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։ Միջնորդություն է ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով «հրամանատարի կողմից ստորադաս զինվորականին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» համար սահմանված է 6-ից մինչև 12 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG