Այսուհետ կառուցապատողները Երևանի քաղաքապետարանին 50-120 միլիոն դրամ կվճարեն մի փաստաթղթի համար, որում մանրամասն հաշվետվություն են ներկայացնում կառուցվող շենքի հարկերի, շինարարության ծավալների և այլնի մասին։ Նախկինում ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար ոչինչ չէին վճարում, այդ պատճառով էլ Կառուցապատողների ասոցիացիան օրերս քաղաքապետարանի պաշտոնյաներին հրավիրել էր մեկ սեղանի շուրջ, որ հարցներ՝ ինչո՞ւ։
Պաշտոնական հիմնավորումը հետևյալն էր. - «Եթե նախատեսվում է կառուցվել պայմանական 15 հազար քառակուսի մետրանոց շինություն, ապա համայնքը այդ պայմանը տալու համար պետք է ապահովի նաև այլ անհրաժեշտ հարակից ինֆրաստրուկտուրան՝ մանկապարտեզը, կանաչապատ տարածքը, տրանսպորտային ցանցը և ալն»:
Քննարկմանը ներկա կառուցապատողներն ընդունում են, որ նոր կառուցվող շենքերը նաև հարմարավետ միջավայր պետք է ունենան, բայց առաջարկում են, որ կառավարությունը Վրաստանի մոդելը կիրառի։ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն ընդգծեց՝ վրացական կառավարությունը ինքն է ներդրում անում, հետո այդ հողերը բաժանում ըստ գոտիականության ու վաճառում կառուցապատողին, գոյացած գումարով շարունակում այդ նույն ծրագիրը։
«Եթե կլինի սենց մոտեցում՝ քաղաքային իշխանությունը ներդրում կանի 50 միլիարդ դրամ, կկառուցի մի հատ ենթակառուցվածք, որտեղ կլինի և՛ մանկապարտեզը, և՛ դպրոցը, և՛ պոլիկլինիկան, ճանապարհներ, լուսավորություն և այգի, հետո էդ հողերը կվաճառի, մենք սա ուղղակի կողջունենք: Բայց այսօր ստացվում է՝ գումար են գանձում կառուցապատողից, ու չգիտենք ինչ են անելու», - նշեց Սաքապետոյանը:
Քաղաքապետարանի տվյալներով՝ այս պահին Երևանում շուրջ 900 շենք է կառուցվում։ Քաղաքաշինության ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը ասում է՝ նորակառույցներում բնակարան գնողները խնդրի առաջ են կանգնում, չկա մանկապարտեզ, այգի, կանգառ և այլն։ Օրինակ բերեց նորակառույց «Ծարավ աղբյուր» թաղամասը, որտեղ այս հարմարությունները տարիների ընթացքում ստեղծվեցին։ Ընդգծեց՝ 3 նորակառույցի շինթույլտվություն տալու համար, համայնքը պետք է 180 երեխայի համար 1 մանկապարտեզ կառուցի։ Համայնքը չունի այդքան գումար, հետևաբար կառուցապատողների գումարը կուղղվի դրան։
Մի սեղանի շուրջ հավաքված կառուցապատողները դժգոհում էին՝ ինչո՞ւ պետք է Երևանի զարգացման ամբողջ բեռը դրվի իրենց ուսերին։ Մաչյանը հակադարձում է՝ թվերը հակառակի մասին են վկայում:
Եթե կառուցապատում են իրականացնում, թող նաև բնակչի հարմարավետության մասին չմոռանան. փոխքաղաքապետ
«Խոսքը գնում է ընդամենը մինչև մեկ տոկոս բեռի մասին, որը մեկ քառակուսու հաշվարկով տատանվում է 5000 դրամի շրջանակներում: Ակնկալում ենք ոչ ավելի քան մինչև 3 միլիարդ դրամ տարեկան կտրվածքով կառուցապատողների կողմից վճարված ամբողջ վճարները, որը քաղաքապետարանի բյուջեի 2 տոկոսի սահմաններում», - ընդգծեց նա:
Տիգրան Սանասարյանի ընկերությունը Երևանում է շենքեր կառուցում, մեկն էլ՝ մարզում։ Բայց բյուրոկրատիան այնքան շատ է, որ չեն կարողանում շինթույլտվությունը ստանալուց հետո երկու տարվա ընթացքում ավարտին հասցնել շենքերը, ինչի հետևանքով էլ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար պահանջվող այդ միլիոնավոր դրամները զրոյանում են։ Գումարը պահանջելուց բացի, ասաց, քաղաքապետարանը նաև իր աշխատանքը պետք է բարելավվի, որ մի թղթի համար ամիսներով չսպասեն։
«Պատրաստ ենք վճարել այդ գումարը, ուղղակի պետք է իմանանք վճարված գումարի եղած հետծառայությունը: Օրինակ՝ գրում ենք դիմում և գիտեն, որ այդ դիմումը հաստատ 15 օրից չի պատասխանվելու, սպասելու ենք, եթե 2-3 ամսից լինի, ուրախանալու ենք: Ուզում եմ ասեմ, եթե այդ ամեն ինչը փոխվի, վճարումից հետո գան նաև՝ վարչարարություն, որոշակի տույժեր, եթե թերացումներ կա այդ աշխատակցի մոտ», - նշեց Սանասարյանը:
Փոխքաղաքապետ Մաչյանը հակադարձում է՝ քաղաքաշինության վարչությունն այս պահին չպատասխանած դիմումներ չունի։ Պաշտոնյան հորդորում է սոցիալական պատասխանատվություն ստանձնել, եթե կառուցապատում են իրականացնում, թող նաև բնակչի հարմարավետության մասին չմոռանան։ Քննարկմանը ներկա կառուցապատողները լրացուցիչ ծախսերն էին թվարկում։ Ասացին՝ սկզբում գազամատակարարման բեռն ընկավ իրենց ուսերին, հետո, 300 տոկոսով ավելացավ հոսանքի բաժանորդ դառնալու համար ՀԷՑ-ին վճարվող գումարը, արդեն խնդիրներ են նշմարվում ջրամատակարարման հետ կապված, հիմա էլ ավագանու այս հրատապ որոշումը։ Դժգոհեցին՝ այս ամենն արվել է միանգամից՝ անակնկալ կերպով։ Ուզում են վստահ լինել, որ այդ գումարներն իրենց տարածքի բարեկարգմանը կուղղվեն։
Փոխքաղաքապետը, սակայն, տողատակ է տեսնում. - «Իմ կարծիքով՝ կառուցապատողները տվյալ որոշման դեմ պայքարում են ավելի շատ մեղմելու հետագա հնարավոր վարձավճարների բարձրացումները: մենք նման ծրագրեր չունենք, մենք ուղղակի առաջարկել ենք այն քաղաքականությունը, որ այսօր դրված է իրականության մեջ և կարծում ենք՝ սա լավ հնարավորություն է մեկտեղելու մեր ջանքերը՝ քաղաքի զարգացումն ապահովելու: Դուք տեսնում եք ինչքան խնդիրներ կան քաղաքում ու դրանց լուծման համար անհրաժեշտ են ահռելի ֆինանսական միջոցներ»:
Թեև Մաչյանը կարծում է, որ կառուցապատողների հետ ընդհանուր հայտարարի են եկել, ընդ որում՝ շեշտում էր, թե արդեն կան այդ լրացուցիչ գումարը վճարած կառուցապատողներ, այդուհանդերձ, մյուս կողմը հակառակն էր պնդում, թե քաղաքային իշխանության հիմնավորումները համոզիչ չեն։
Գործարարները ամփոփեցին՝ այս ամենից հետո կառուցապատումն այլևս գրավիչ չի լինի ներդրողի համար, տնտեսությունը կտուժի, բնակարանների գները չեն կարող նույնը մնալ։ Քննարկմանը ներկա ավագանու ընդդիմադիր անդամներն էլ հորդորեցին ուլտիմատումներով չխոսել, որովհետև, ասացին, ի վերջո խնդրի առաջ կանգնողը գրեթե միշտ բնակիչն է։