Մատչելիության հղումներ

Հեմոդիալիզ ստացող հիվանդները տարհանվում են Արցախից


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից շուրջ մեկ շաբաթ անց այդ հիվանդները կմահանան:

Լեռնային Ղարաբաղի առողջապահական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Հանրապետական բժշկական կենտրոնում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ը վերջին օրերին տարհանվել է Հայաստան ԿԽՄԿ-ի կողմից, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը:

Թեև բոլորին է առաջարկվել տարհանման հնարավորությունը, սակայն 41 հիվանդից 12-ը հրաժարվել է մեկնել Արցախից, ասված է հաղորդագրությունում:

Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի կողմից բացարձակապես արգելվում է Կարմիր Խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ: Արդյունքում, կյանք փրկող և այլ խիստ անհրաժեշտ դեղատեսակներն ու պարագաները գնալով ավելի ու ավելի շատ են բացակայում՝ հանգեցնելով մարդկային մահերի ու առողջական վիճակի վատթարացման, ընդգծում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG