Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Abrams տանկերի առաջին խմբաքանակի առաքումն Ուկրաինա


 Abrams, արխիվային լուսանկար
Abrams, արխիվային լուսանկար

ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Abrams տանկերի առաջին խմբաքանակի առաքումն Ուկրաինա։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ բանակի մատակարարման և գնումների ծառայության ղեկավար Դագ Բուշը։ Նրա խոսքով՝ առաջին տանկերը պետք է Ուկրաինա հասնեն աշնան սկզբին։

«Այժմ դրանք պետք է առաքվեն Եվրոպա, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինա, ինչպես նաև այն ամենը, ինչ գալիս է նրանց հետ՝ զինամթերք, պահեստամասեր, վառելիքի սարքավորումներ, վերանորոգման սարքավորումներ: Այսինքն՝ դա միայն տանկեր չեն, դա ամբողջական փաթեթ է», - ասել է Բուշը:

Քանի տանկ կներառի առաջին խմբաքանակը, պաշտոնյան չի հստակեցրել։ Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ առաջին խմբաքանակը կներառի 6-8 տանկ։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մատակարարել 31 Abrams, այսինքն՝ մեկ տանկային գումարտակ։ Զուգահեռաբար ուկրաինացի զինվորականները տանկերի այս մոդելի կիրառման դասընթացներ են անցնում Գերմանիայում և այն պետք է ավարտին հասցնեն օգոստոսին։

Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր ԱՄՆ-ը Ուկրաինային 66,2 միլիարդ դոլարի օգնություն է ուղարկել

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ իշխանությունները Կիև են ուղարկել 66,2 միլիարդ դոլարի ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն, հաշվարկել է The Washington Post-ը։ Այդ միջոցների մեծ մասը՝ 44 միլիարդ դոլար, ռազմական օգնությունն է:

2023 Միացյալ Նահագների պաշտպանության ողջ բյուջեի ֆոնին, որը կազմում է 1,77 տրիլիոն դոլար, այս ցուցանիշը աննշան է թվում, նշում է The Washington Post-ը։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային զգալիորեն գերազանցում է այլ երկրներին տրվող օգնությունը, գրում է թերթը։ Օրինակ՝ 2022-2023 թվականներին Իսրայելը ԱՄՆ-ից ստացել է 8,6 մլրդ դոլար, Եգիպտոսը՝ 3,3 մլրդ դոլար, Հորդանանը՝ 2,9 մլրդ դոլար։

Ընդորում՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Վաշինգտոնի կողմից մեկ այլ երկրի ցուցաբերած ամենամեծ օգնությունն է:

Բացի ԱՄՆ-ից, Ուկրաինային ռազմական օգնություն են ցուցաբերում նաև եվրոպական երկրները։ The Washington Post-ը նշում է, որ ԱՄՆ-ն ընդամենը 12-րդ տեղում է Ուկրաինային աջակցողների վարկանիշում ՀՆԱ-ի մասնաբաժնի չափով։ Առաջին տեղում Բալթյան երկրներն են, որտեղ առաջատար դիրք է զբաղեցնում Էստոնիան (ՀՆԱ-ի 1,26 տոկոս)։

XS
SM
MD
LG