«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է ձեռնպահ մնա նման սադրիչ քայլերից և աջակցի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհի և այլ այլընտրանքային ուղիների օգտագործմանը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ կոչ անելով պաշտոնական Երևանին նաև «չմիջամտել հայազգի բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»։
Արձագանքելով կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ ադրբեջանական կողմը պնդել է՝ «Հայաստանի սադրիչ գործողություններն ուղղված են իրավիճակի սրմանը»։
««Լաչին» սահմանային անցակետի աշխատանքի, տարածքային ամբողջականության և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված միջազգային հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերը օգոստոսի 3-ին կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ, խոսում են իրավիճակը սրելու հայկական կողմի մտադրության մասին»,- հայտարարել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը և պնդել՝ Լաչինի միջանցքի փակման մասին հայտարարություններն անհիմն են, Հայաստանին մեղադրելով «վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքում անօրինական գործողությունների համար»:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ տարբեր տեղերում ինքնակամ դրոշներ դնելու Ադրեբեջանի գործելակերպը սահմանազատման և ընդհանրապես խաղաղ գործընթացը վիժեցնելու գործընթացի է նման։