Մատչելիության հղումներ

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախապատրաստվում է հոբելյանական թատերաշրջանին


Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արդեն 3 տարի է որպես տնօրեն ղեկավարում է Կամո Նաղդալյանը՝ որպես դերասան արդեն 20 տարիների փորձ ունենալով նույն թատրոնում, զուգահեռաբար՝ նաև Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։

Թերևս հենց Տիկնիկային թատրոնում աշխատելու երկար տարիների փորձն է պատճառ դարձել, որ Արտաշատի թատրոնում տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո Կամո Նաղդալյանը 3 տարի առաջ ձեռնամուխ է եղել թատրոնի 80 տեղանոց փոքր դահլիճի վերանորոգմանը և այն վերածել տիկնիկային թատրոնի։ Այնտեղ արդեն մի քանի տասնյակ տիկնիկային բեմադրություններ են ներկայացվել և այդ փոքր դահլիճը գործում է արդեն որպես լիարժեք տիկնիկային թատրոն:

Այս տարին հոբելյանական է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համար, որը փութաջանորեն նախապատրաստվում է հոբելյանական թատերաշրջանի մեկնարկին։

«Այս տարի մեր թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90-րդ տարեդարձն է, և շենքի, որի հեղինակը, ճարտարապետը Գևորգ Թամանյանն է, 80-ամյակն է, որոշեցինք հոբելյանական տարի հայտարարել, երբ որ թատերաշրջանը սեպտեմբերին բացենք, մեր 90-րդ հոբելյանական թատրաշրջանն է, Հայաստանի թատերական գործիչների միության և Արարատի մարզպետարանի հետ համատեղ մենք անելու ենք թատերական փառատոն: Արդեն պայմանավորվածություն ունենք և հոկտեմբերի սկզբին փառատոնով հանդես կգան արդեն հայտնի թատերախմբեր [կգան Արտաշատ]: Նաև գրքի շնորհանդես ենք ունենալու թատրոնի 90-ամյա պատմության վերաբերյալ», - ներկայացրեց Նաղդալյանը:

Արտաշատի թատրոնն այս պահին էլ աշխատում է 4 նոր բեմադրություններ հանդիսատեսին մատուցելու համար: Ամառային այս թեժ օրերին թատրոնը չի դադարեցնում աշխատանքը և, ինչպես նախորդ թատերաշրջանի ընթացքում, այս նոր, հոբելյանական թատերաշրջանը նույնպես հանդիսատեսին մի շարք անակնկալ է խոստանում։

«Համագործակցել ենք նաև ֆրանսիացի դրամատուրգ Զելլերի հետ, նրա գրասենյակի և բեմադրել ենք «Մայրը» ներկայացումը, որը շատ սիրվել է մեր հանդիսատեսի կողմից», - ասաց Նաղդալյանը:

Արտաշատը շատ մոտ է գտնվում մայրաքաղաքին, բայց թատերախումբը հաճախ չէ, որ
հնարավորություն է ստանում ներկայացումներ մատուցել նաև մայրաքաղաքի հանդիսատեսին, թեև այս տարի, ինչպես նշում էր Կամո Նաղդալյանը Ժողովրդական արվեստների թանգարանում իրենք ներկայացրել են «Բարեկենդան» ներկայացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG