«Պրոյեկտ» հետաքննող կայքի զեկույցի համաձայն, Forbes հանդեսի կազմած «200 ամենահարուստ ռուսաստանցիների» ցուցակից առնվազն 81-ը բացահայտ աջակցել են Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմին:
Այդ օլիգարխներից 80-ի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել, սակայն միայն 14-ի անուններն են ընդգրկված Ուկրաինայի դաշնակից բոլոր երկրների սանկցիոն ցուցակներում, իսկ 34-ի նկատմամբ միայն Կիևն է պատժամիջոցներ սահմանել:
Ռուսաստանի զինված ուժերին բացահայտ կերպով սատարող մեծահարուստների թվում են Սևերստալի ղեկավար Վլադիմիր Պոտանինը, Լուկօյլից Վագիտ Ալեկպերովը, LetterOne ընկերության համահիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը, Millhouse-ից Ռոման Աբրամովիչը, Նովատէկից Գենադի Տիմչենկոն, USM-ից Ալիշեր Ուսմանովը, «Բանկ Ռոսիի» դրամատան նախկին նախագահ Յուրի Կովալչուկը, Մոստոտրեստից ընկերության ղեկավար Արկադի Ռոտենբերգը և ուրիշներ:
«Պրոյեկտ»-ը նշում է, որ միայն մեծահարուստ Օլեգ Տինկովն է դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, ինչի կապակցությամբ Լոնդոնը չեղարկել է նրա նկատմամբ սահմանած պատժամիջոցը:
Ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Տինկովը մի քանի առիթներով ասել է, որ սատարում է նախագահին և կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը դառնա ցկյանս ղեկավար և նույնիսկ կայսր:
Ռուսական բանակին աջակցություն ցուցաբերող մնացած օլիգախները պատերազմի թեմայով մոտ 1.5 տարի է ընդհանրապես հրապարակավ չեն խոսում: