Մատչելիության հղումներ

Ֆիդան․ «Ադրբեջանը Լաչինի վերաբերյալ կարող է ցանկացած որոշում կայացնել. դա իր տարածքն է»


«Ադրբեջանը ազատ է Լաչինի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելու հարցում», - այսօր Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածք է։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը դրա հետ կապված կարող է ցանակացած որոշում կայացնել, որը ճիշտ կհամարի, դա նրա ինքնիշխան իրավունքն է», - ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը, պնդելով նաև, որ «Լաչինի ճանապարհը բաց է բժշկական կարիքներով օգտագործման համար»։

«Կան նաև առանձնացված այլ երթուղիներ, որոնք պիտանի են համալիր բեռնափոխադրումների համար։ Այնպես որ, երբ մենք դիտարկում ենք [երրորդ երկրներից] հնչող գնահատականները, պարզ է դառնում, որ Ադրբեջանն այս հարցում անհիմն քննադատության է ենթարկվում», - շեշտել է Հաքան Ֆիդանը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի պնդմամբ՝ թե Բաքվում և թե Անկարայում դրական մոտեցում կա Հայաստանի հետ համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման հանդեպ, քանի որ այդ քայլն, ըստ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի, կարող է փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում։

«Հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները հիմնվում են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Ադրբեջանի կողմից առաջարկված խաղաղ պայմանագրի ստորագրումը Հայաստանի հետ, որը հիմնված կլինի երկրների ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա, կարևոր նշանակություն ունի», - նշել է Բայրամովը։

Դրա հետ մեկտեղ, ըստ նրա, Հայաստանի քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է «տարածաշրջանում կայունության հաստատմանը»։

«Այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է իր զինված ուժերի ստորաբաժանումները պահել Ադրբեջանի տարածքում, այն, որ Երևանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների պաշտպանության պատրվակով շարունակում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, ինչպես նաև խոչընդոտներ է հարուցում այդ մարդկանց՝ ադրբեջանական պետության կազմ վերաինտեգրմանը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար լուրջ սպառնալիք է հանդիսանում», - ասել է Ջեյհուն Բայրամովը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարն իր հերթին այսօր ակնարկել է, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը վայելում է ոչ բոլոր միջազգային դերակատարների աջակցությունը։

«Մենք աջակում ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրա հետ մեկտեղ կոչ ենք անում միջազգային հանրությանը ևս աջակցել այդ բանակցություններին՝ տարբերակում չդնելով կողմերի միջև։ Տարածաշրջանային կայունության հաստատումը մեծապես կախված է [հայ-ադրբեջանական] համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքումից։ Մեծ կարևորություն ունի նաև Զանգեզուրով կապի ապահովումը», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Երկու նախարարներն էլ այսօր ընդգծում էին, որ 2021 թվականին Շուշիում Իլհամ Ալիևի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև ստորագրված «Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագիրը երկկողմ հարաբերությունների խորացման նոր հիմքեր է ստեղծել։

Հաքան Ֆիդանի ձևակերպմամբ էլ. «Ուժեղ Թուրքիա նշանակում է ուժեղ Ադրբեջան, իսկ ուժեղ Ադրբեջան նշանակում է ուժեղ Թուրքիա»։

Խոսելով Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին՝ Թուրքիայի ԱԳ նախարարն այս գործընթացը այսօր կրկին կապեց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների սառեցման պատճառը Ադրբեջանի տարածքների հայկական օկուպացիան էր։ Այժմ, այն, փաստորեն ավարտվել է, սակայն կան մի շարք այլ հարցեր, որոնք հարկավոր է վերջնականապես լուծել։ Խոսքը մասնավորաբար, վերաբերում է սահմաններին և կրակի դադարեցմանը։ Մենք ուշի ուշով հետևում ենք իրավիճակին և կարող եմ ասել, որ հակված ենք [Հայաստանի հետ] հարաբերությունների կարգավորմանը։ Դրան սակայն պետք է նախորդի կողմերի միջև համապատասխան համաձայնագրերի ստորագրումը։ Մեր ցանկությունն է օր առաջ սկսել տնտեսական և կայուն զարգացման գործընթացը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը`հիշեցնելով Անկարայի և Երևանի միջև նախորդ տարի մեկնարկած բանակցությունների, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ Անկարա կատարած այցի մասին։

Oրվա երկրորդ կեսին Ադրբեջանի արտգործնախարարին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG