Մատչելիության հղումներ

Հնդկական մամուլը՝ Դելիի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումների մասին


Համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգերը, արխիվ
Համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգերը, արխիվ

«Դիվանագիտական լարվածություն Հնդկաստանի և Ադրբեջանի միջև՝ Հայաստանին հնդկական արտադրության սպառազինության մատակարարումների մասին հրապարակումների հետևանքով», - վերջին օրերին Դելիում լույս տեսնող պարբերականները այսպես են բնութագրում երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանա-հնդկական հարաբերություններում այս լարվածությունը ծագեց այն բանից հետո, երբ անցած շաբաթ պաշտոնական Բաքվի վերահսկողության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցներ տեսանյութ հրապարակեցին՝ պնդելով, որ դրանում պատկերված է համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի տեղափոխումը Հայաստան՝ Իրանի տարածքով։

Հնդկաստանի ամենահեղինակավոր գործարար պարբերականը՝ Economic Times-ը, խնդրին քաջածանոթ անձանցից մեկին վկայակոչելով, անցած շաբաթավերջին, ըստ էության, հաստատել է, թե սպառազինության մատակարարման փաստը և թե այն հանգամանքը, որ այն Հայաստան է հասցվել Իրանի տարածքով։ Թերթի պնդմամբ՝ դա կատարվել է՝ «երկկողմ համաձայնագրի հիման վրա»։

Economic Times-ը նաև նշում է, որ սպառազինության մատակարարումները պատկերող տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Բաքվում Հնդկաստանի դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանը հրավիրվել է Իլհամ Ալիևի աշխատակազմ, որտեղ նրա հետ զրուցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մի իրավիճակում, երբ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում, Հնդկաստանի կողմից մահաբեր սպառազինության մատակարարումը ճամփա է բացում Հայաստանի ռազմականացման համար», - Հաջիևի խոսքերն է մեջբերում հնդկական թերթը։

Համազարկային կրակի հնդկական համակարգերի մոտալուտ մատակարարման մասին առաջին տեղեկությունները ի հայտ եկան անցած տարվա աշնանը՝ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան մարտական գործողություններից մոտ երկու շաբաթ անց։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Երևանը և Դելին սպառազինությունների մատակարման մասին գործարք էին կնքել, որի ընդհանուր ծավալը հասնում էր 260 միլիոն ամերիկյան դոլարի և որի առանցքային կետը հենց Pinaka համակարգերի վաճառքն էր։

«Pinaka-ների վաճառքը գրգռել է Ադրբեջանին», - անցած շաբաթավերջին գրել է Դելիում գործող մեկ այլ պարբերական՝ Eurasian Times-ը՝ փորձելով նաև բացատրել Բաքվի մտահոգությունների պատճառը։

«Հայաստանի Pinaka համակարգերը ձեռք բերելու որոշման վրա ազդած պատճառներից մեկը հակառակորդ Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ ինքնաոչնչացվող դրոնների կիրառումն է։ Որպեսզի համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ի վիճակի լինի նման պայմաններում մարտի դաշտում երկար գործել, այն պետք է օժտված լինի կրակելու և դրանից հետո արագորեն հեռանալու կարողություններով։ Pinaka Mk-1 համակարգերին բնորոշ ունակություններից մեկը հենց դա է», - գրում է Eurasian Times-ը։

Բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը հնդկական կողմի այս պնդումը հաստատում է։ Ռազմական մի շարք մասնագիտացված պարբերականներ պնդում են, որ Pinaka համակարգերը մարտական պատրաստության են բերվում 3 րոպեում, իսկ առաջադրանքը կատարելուց հետո այն տեղակայման վայրը կարող է լքել երկու րոպեում։

Hindustan Times-ի բնորոշմամբ՝ Pinaka-ն ամերիկյան Himars համակարգերի հնդկական համարժեքն է։ Pinaka Mk-1 համակարգի հեռահարությունը հասնում է 38 կիլոմետրի, այն ի վիճակի է 44 վայրկյանում 12 հրթիռ արձակել», - գրում է թերթը, հիշեցնելով նաև, որ հնդկական բանակն այս համակարգերը տեղակայել է Պակիստանի և Չինաստանի հետ սահմանների երկայնքով։

Իսկ հնդկական ամենահայտնի անկախ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը՝ Դելիում գործող The Wire-ը, իր հրապարակման մեջ անդրադառնում է Հայաստանին հնդկական սպառազինության վաճառքի քաղաքական, նախևառաջ աշխարհաքաղաքական կողմին։

«Դելիում գործող ОRF վերլուծական կենտրոնի գնահատականների համաձայն՝ պաշտպանական միջոցների այս փոխանցումը վկայում է, որ Հնդկաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բացահայտորեն կանգնել է Հայաստանի կողքին և հետևաբար, որոշել է դիմադրել թե՛ Ադրբեջանին և դրա աջակիցներին՝ ի դեմս Թուրքիայի և Պակիստանի, թե՛ Անկարայի ծավալապաշտական պանթուրքիստական հավակնություններին», - հնդիկ փորձագետների խոսքերն է մեջբերում Դելիում գործող պարբերականը։

XS
SM
MD
LG