Մատչելիության հղումներ

Զինծառայող Գրիգորյանին մահացու հրազենային վնասվածք է հասցրել համածառայակիցը, նա կալանավորվել է. ՔԿ


Զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վնասվածք է հասցրել նրա համածառայակիցը մարտական դիրքում, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող Մուրադ Գրիգորյանի և նրա համածառյակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Մուրադ Գրիգորյանին, վերջինիս ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով, մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով)։

Ըստ ՔԿ-ի՝ ներկայացված մեղադրանքում Ա․Հ․-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարած արարքի համար:

Հուլիսի 28-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Հուլիսի 26-ին զորամասի մարտական դիրքում՝ գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդացիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG