Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթում կատարելու և դատավորին արատավորող տեղեկությունների հրապարակմանն օժանդակելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Առաքելյանը 2014 թվականին, նախնական համաձայնության գալով իր մտերիմ մի կնոջ հետ, խմբի կազմում մի տղամարդուց գումարային պահանջ ներկայացնելու դիտավորությամբ, Facebook-ում իր կողմից ստեղծած և շահագործվող Arpine Avagyan օգտատիրոջ կայքեջով համացանցային շփման միջոցով մտերմիկ, ջերմ հարաբերություններ է հաստատել այդ տղամարդու հետ:
Վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հավաքելու դիտավորությամբ, ըստ ՔԿ-ի, Skype-ով շփման ընթացքում նրա մտերիմ կինը տղամարդու հետ վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է նրան ու իր գործողություններով դրդել տղամարդուն մերկանալ տեսախցիկի առաջ: Այդ ընթացքում Առաքելյանը նախապես ներդրված ծրագրի միջոցով տեսագրել է տղամարդուն այդ վիճակում: Այնուհետև, 2015թ․ մայիսին, տղամարդն իր ֆեյսբուքյան էջին ստացել է Տիգրան Առաքելյանի կողմից Esmira Aliyeva անվամբ օգտատիրոջ էջով ուղարկված, իր ինտիմ զրույցի տեսագրությունը պարունակող Youtube-ի հղումը: Րոպեներ անց Առաքելյանը զանգահարել է տղամարդուն և վերջինիս ներկայացրել է 2 միլիոն 385 հազար 500 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում տեսանյութը տարածել համացանցում, ինչը մերժվել է տղամարդու կողմից:
Բացի այդ, ըստ հաղորդագրության, Առաքելյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ, քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդությունը առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից բավարարելուց հետո, կապված վերջինիս օրինական ծառայողական գործունեության հետ, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, համացանցից ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ: Ապա լուսանկարն ուղարկել է Ղուկասյանին, ով ապրիլի վերջին ուղիղ հեռարձակմամբ, հրապարակային, youtube.com կայքի միջոցով տեսաելույթի ընթացքում հրապարակել է դատավորին արատավորող տեղեկություններ։
«Քննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Տ.Առաքելյանը, Վարդան Ղուկասյանի կողմից սոցիալական ցանցերում ունեցած տեսաելույթների, հրապարակած տեղեկատվության արհեստական դիտումների քանակ և մասշտաբայնություն ապահովելու նպատակով, օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգահաշիվներ՝ այդ կերպ նպաստելով Վ․Ղուկասյանի նպատակների իրականացմանը, ինչպես նաև տիրապետել է շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին», - նշված է հաղորդագրությունում։
Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և հունիսի 20-ին նրան ներկայացվել է մեղադրանք:
Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը բավարարել է միջնորդությունը, և Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։