Առանց երկրապահության և երկրապահի անկախություն չէինք ունենա, այսօր Երկրապահ կամավորականների միության 30-ամյակին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետությունը մի տեղ չէ, որտեղ մարդիկ պետք է մահանան, պետությունը մի տեղ է, որտեղ մարդիկ պետք է ապրեն։ Անկախությունը նրա համար չէ, որ մարդն անընդհատ մահանա այդ անկախության համար, անկախությունը նրա համար է, որ մարդն ապրի, լինի անկախ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, լինի բարեկեցիկ», - նշեց նա։
Վարչապետը հիշատակեց կամավորական միության հիմնադրին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին, նշեց՝ Հոկտեմբերի 27-ի սպանությունը, ահաբեկչությունը իրավապահների գործն է, և համոզված է, որ ամեն հնարավորը կարվի դրա բացահայտման համար։
«Թույլ տվեք ձեզ հետ կիսել իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը։ Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ։ Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները։ Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է, և եթե Հայրենիքը Պետություն չէ, ցանկացած ուրիշ Պետություն կարող է դառնալ Հայրենիք», - ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ այն մեծամասշտաբ բարեփոխումները, որ տեղի են ունենում բանակում, Զինված ուժերում, Վազգեն Սարգսյանի անվան բարեփոխումներն են. - «Մենք պետք է կարողանանք այս ճանապարհը շարունակել և այդ ճանապարհին հիշել այս ուղերձը, որն Անկախության մասին է, որն ինքնիշխանության մասին է, որը Պետության մասին է։ Եվ մենք Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է»։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մի խումբ երկրապահների հանձնել է ԵԿՄ 30-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներ: Հետմահու պարգևատրվել են նաև սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանը և միության ակունքներում կանգնած բազմաթիվ երկրապահներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ 30-ամյակի առթիվ այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին: