Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժը Արցախում։ Այս մասին նրանք գրել են ֆեյսբուքյան էջում։
«Երեկ Էնթոնի Բելլանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ փորձեցինք հասնել Ստեփանակերտ, քաղաք, որը միջազգայնորեն ճանաչված է Ադրբեջանի մաս, բայց հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով։ Մեզ խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա», - ասված է ֆեդերացիայի գրառման մեջ:
Ավելի վաղ հայկական լրագրողական կազմակերպությունները կոչով դիմել էին Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցած գործընկերներին. «Մի՞թե ձեր մասնագիտական պարտքը ձեզ չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն ողբերգությունը, որի հետ զուգահեռներ գտնելն այնքան էլ հեշտ չէ ժամանակակից աշխարհում»։