Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միլիարդների մասին վարչապետի ելույթներից ու դրանք պետությանը վերադարձնելու խոստումներից շուրջ 5 տարի անց իրավապահներն առաջին անգամ հայտարարում են Քոչարյանների ապօրինի ունեցվածքի մասին։

2018 թվականի սեպտեմբեր 11-ին Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարել էր. - «Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում և ահավասիկ Կոնգրես հյուրանոցը պատկանում է Ռոբրետ Քոչարյանի որդուն և դստերը, մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցը։ Ցույց տվեց ինչ փողերով»։

Ռոբերտ Քոչարյանի կուտակած հարստության մասին խոսվում է տարիներ ի վեր։ Հենց ինքը՝ վարչապետ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի անդամները անցած տարիներին «նախկինների թալանի» մասին խոսելիս պարբերաբար հիշատակում էին երկրորդ նախագահի անունը։

«Էդ Ռոբերտ Քոչարյանը էդ ի՞նչ տաղանդների շնորհիվ են իրանք միլիոններ կուտակել։ Թող 98 թվից առաջ կուտակեին, գնային տենց միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին։ Էդ ինչի՞ հաշվին են տենց... բա՞ն են, վունդերկինդնե՞ր են... Վերադարձնելու են կոպեկ առ կոպեկ», - 2019-ի սեպտեմբեր 23-ին հավաստիացրել էր Նիկոլ Փաշինյանը։

Գլխավոր դատախազությունը 2020 թվականից է ուսումնասիրում Քոչարյանների գույքը և օրերս տեղեկացրեց հայտնաբերված ապօրինությունների մասին։ Իրավապահները ցանկանում են բռնագանձել ընտանիքին պատկանող ավելի քան 80 միլիոն դոլարի դրամական միջոցներ, 20 անշարժ գույք, որոնք հիմնականում Երևանի կենտրոնում են, մասնաբաժիններ տարբեր ընկերություններում և այլն։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա հուլիսի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշել էր կալանք կիրառել գույքի ու դրամական միջոցների վրա։ Ըստ դատախազության, բացի դրամական միջոցներից ու անշարժ գույքից, կալանքի տակ են նաև «Տոյոտո Երևան», «Օրանժ Ֆիթնես», «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների բաժնեմասերը, ինչպես նաև Կոնգրես հյուրանոցն ու «Փլեյ սիթին», որոնք Քոչարյանների ընտանիքին են պատկանում։ Դրանց ընդհանուր արժեքի մասին դատախազությունն առայժմ չի հայտնել։

Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքի անդամներին, այդ թվում նախկին նախագահի կնոջը, դստերը, փեսային, երկու որդիներին ու նրանց կանանց օգոստոսի 1-ին Գլխավոր դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։

«Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա», - գրված է ընտանիքի անդամներին ուղակված ծանուցումներում։

Քոչարյաններն իրավունք ունեն դատախազություն ներկայանալ նամակները ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բայց իրավապահներն առաջարկում են հենց օգոստոսի 1-ին գալ, ժամ էլ են նշել՝ 14.30-ին։ Եթե այդ օրը չկարողանան, պետք է նախապես զանգահարեն և այլ օրվա համար պայմանավորվեն։

Կգնա՞ն այդ օրը Քոչարյանները դատախազություն թե ոչ և ի՞նչ դիրքորոշում ունեն։ Ընտանիքը գործի վերաբերյալ դեռ լուռ է, երկրորդ նախագահի փաստաբաններն էլ առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից։

Իր ընտանիքին վերագրվող ապօրինի հարստության մասին պնդումներին ու շշուկներին երկրորդը նախագահը վերջին տարիներին մի քանի անգամ է անդրադարձել՝ դրանք անհեթեթություն որակելով. - «Այն, ինչ որ իմ ժամանակ ստեղծվել է կամ սեփականաշնորհվել է, կամ դրսի ներդրողներն են եկել մի պրոյեկտի մեջ, բոլոր այդ պրոյեկտները կապում են իմ հետ։ Կապում են գիտե՞ք ինչի համար։ Կապողը չի պատկերացնում, որ կարող է, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհվել և փայ չմտնել։ Չի' պատկերացնում... Իհարկե չունեմ։ Եվ իշխանությունը լավ գիտի, որ չունեմ»։

«Միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ գուցե», - 2019-ին լրագրողներին ասում էր երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը. - «Գիտեք բոլորդ ոնց են ամեն ինչ քրքրում, փորձում ինչ-որ մի բան գտնել... Թող ասեն՝ այ էս մի բանը դուք ունեք, որ պետությունից կոպեկներով վերցրել եք»։

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ընդունվել է 3 տարի առաջ, սակայն, հօգուտ պետության բռնագանձման առաջին վճռիը չորս ամիս առաջ կայացվեց։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի նախկին տնօրենը համաձայնեց վերադարձնել պետությանը պատճառած 82 միլիոն դրամի վնասը։

Գույքի բռնագանձման գործերով են անցնում նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG