Հետաքննող լրագրողների հրապարակումից հետո տեսչական մարմնում քննարկում են՝ պե՞տք է արդյոք ստուգումներ սկսեն՝ պարզելու Ծաղկաձորում խորհրդարանի խոսնակի ընկերոջը պատկանող համալիրի օրինականությունը։
Իսկ Գլխավոր դատախազությունը դեռ չի բացահայտում՝ արդյո՞ք կուսումնասիրի, թե ինչ առնչություն ունի Ալեն Սիմոնյանը հանգստյան գոտում կառուցվող ու 40-50 միլիոն դոլար գնահատված համալիրի հետ։
«Այս մարդիկ եկել են իշխանության՝ չունենալով տնտեսական գործունեություն իրականացնելու մեծ ինչ-որ ուղի, կյանքի փորձ, բիզնես կապիտալ, ու շատ կարճ ժամանակում ներգրավվել են մեծ տնտեսական նախագծերի մեջ։ Եթե էդպիսի հաջողակ մարդիկ էին, ի՞նչն էր խանգարում առանց իշխանության դա իրականացնել», - ասում է հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը։
Նա պարզել է, որ «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի 25 տոկոսի փայատերը Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանն է, ով դատարանի վճռով սնանկ է ճանաչված։
«Հետքի» լրագրողը մի շարք հարցեր է բարձրացնում. ինչպե՞ս է ստացվում, որ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության փաստացի ղեկավար Էդգար Ավագյանը, պաշտոնապես լինելով սնանկ, հայտնվել է կառուցապատման բիզնեսում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ հենց ԱԺ նախագահն է ներգրավված բազմամիլիոնանոց համալիրի կառուցման մեջ, հարցնում է լրագրողը։
Մինչ Ալեն Սիմոնյանը հերքում է իր մասնակցությունը բիզնես ծրագրին ու հերյուրանք որակում իր անունը ընկերոջ բիզնեսի հետ կապելու ենթադրությունները, լրագրողը համադրում է փաստերն ու պնդում. - «Գուցե Ձեր հեղինակությո՞ւնն է օգտագործվում էստեղ, գուցե Դո՞ւք ես Էդգար Ավագյանով ներկայացված»։
Երեկ խորհրդարանի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում է տեղադրել «Կնքահայրը. Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 միլիոն դոլարանոց համալիրի փայատեր է» վերնագրով հոդվածն ու գրել. - «Բնական է` ոչ մի փաստ, ոչ մի կապ, ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում, ոչ մի ՀԵՏՔ, միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը»:
Տարբեր տարիների մի շարք հայկական հեռուստաընկերութուններում աշխատած Էդգար Ավագյանը, ըստ հետաքննության, սնանկ է ճանաչվել 2017 թվականին և մինչ օրս չի մարել պարտավորությունները։
Ավագյանի հետ կապվել «Ազատությանը» չի հաջողվել, իսկ նրա փաստաբանը միայն փոխանցեց, թե մեր հարցերն ուղարկել է արտերկրում գտնվող Ավագյանին։
«Բիզնես մեծ նախագիծ է։ Փաստ համար երկու. դրանում ներգրավված է մի մարդ, որը որ երբևէ կառուցապատման բիզնեսում չի եղել։ Նա ԱԺ նախագահի երեխայի քավորն է, որը որ հեռուստատեսության ոլորտի մարդ է եղել։ Նա հայտնվել է կառուցապատման ոլորտում, ո՞րն է իր այդտեղ հայտնվելու տրամաբանությունը, ո՞րն է իր և մյուս կառուցապատողների ընդհանրությունը», - շարունակում է հարցեր հնչեցնել Տիրայր Մուրադյանը։
Հետաքննող լրագրողի կասկածները այս գործարքի օրինականության շուրջ է'լ ավելի է խորացրել Ծաղկաձորի քաղաքապետը։ Լրագրողը պարզել է, որ իշխող ուժի ներկայացուցիչ Նարեկ Հարությունյանը անցած սեպտեմբերին կառուցապատողներին համալիրի ստորգետնյա հարկերի հիմնակմախքի կառուցման համար շինթույլտվություն է տրամադրել՝ չունենալով անհրաժեշտ փորձաքննությունները. - «Թե ինչո՞ւ է Ծաղկաձորի քաղաքապետը Հայաստանի օրենքները խախտել, էդ արդեն այլ հարց է, որը պետք է ինչ-որ իմաստով նաև քրեաիրավական գնահատականի արժանանա»։
Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ընդունեց, որ ստորգետնյա հարկերի թույլտվությունը իսկապես տվել է առանց փորձաքննությունների դրական եզրակացությունների, բայց թե ինչու՝ այդպես էլ չպարզաբանեց։
Միաժամանակ ասաց, որ ընդհանուր համալիրի շինթույլտվությունը տրամադրել է մեկ ամիս առաջ. - «Ընդհանուր կոմպլեքսինը փորձաքննությունից հետո եմ տրամադրել։ Իսկ առաջին հարկը, էդ ստորգետնյա հարկը, որ կա, առանց փորձաքննության եմ տրամադրել։ Նկուղային էդ մի հարկի որ էղել ա, ստայանկի հետ կապված էր, պարկովկի հետ կապված էր, էդ թույլտվությունը իրանք ունեցել են։ Հիմա իրանք ասում են՝ էտի իրավունք չունեիր տալու։ Ես էլ գիտեի, որ իրավունք ունեի տալու, ես էլ տրամադրել եմ»։
Հետաքննող լրագրողը պարզել է, որ տեսչական մարմինն անցած դեկտեմբերին ստուգումներ է արել Ծաղկաձորում, բայց այդպես էլ չի հայտնաբերել, որ քաղաքապետն առանց փորձաքննությունների է շինթույլտվություն տվել սեպտեմբերին։ Ինչո՞ւ։ Տեսչականից մեկ պատասխան ունեն՝ իրենց ստուգման պահին շինթույլտվություն չէր կարող լինել, հետևաբար իրենք չէին կարող այն պահանջել, մյուս կողմից էլ՝ քաղաքապետն այդ մասին իրենց չի էլ ասել։ Հիմա հենց այդ նույն տեսչական մարմինը պետք է որոշի՝ կսկսի՞ արդյոք ստուգել այս համալիրի շինարարության օրինականությունը, թե ոչ։
«Ե՞րբ են խախտումներ անում և վստահ են, որ չեն պատժվի։ Երբ որ արտոնյալ են», - ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Նա բազմամիլիոնանոց այս համալիրի կառուցման մեջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ «Թղթերով ամեն ինչ կարգին է». նախկին իշխանության այս հայտնի արտահայտությունն է հիշեցնում փորձագետն ու պնդում՝ հեղափոխությունից հետո էական փոփոխություններ, ցավոք, չեղան. - «Թղթերով ամեն ինչ կարգին ա, հետևաբար որևէ բան չկա։ Բնականաբար, իրավապահ համակարգն էլ չէր ստուգում էդ թղթերը ինչպես պետք է։ Բայց, ինչպես տեսնում եք, իրենց իշխանությունը երբ որ ավարտվեց, հիմա պարզվում ա, որ թղթերով էլ ամեն ինչ կարգին չէր։ Եթե կարգին լիներ, էդ թղթերից բացի, ուրիշ փաստեր էլ կային»։
Փորձագետը վստահ չէ, որ ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ հիմա իրավապահները արդար քննություն կանեն՝ բացահայտելով կոռուպցիան։ Այս դեպքում ևս ամեն ինչ կպարզվի իշխանափոխությունից հետո, կարծում է Հոկտանյանը։
Մինչ այդ Ծաղկաձորում նախկին «Արշալույս» պիոներական ճամբարի տարածքում շինարարությունը լայն թափով շարունակվում է։ Ավելի քան 3 մլն դոլարով գնված 1,6 հեկտար տարածքում վեր խոյացող համալիրը, ըստ նախագծի, կկարողանա 3000 մարդ տեղավորել։