«Ռուսաստանը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ի քարտուղարությանը «հացահատիկային գործարքին» վերաբերող առարկությունների մասին», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի պնդմամբ, գործարքն այլևս «դե-ֆակտո» չի գործում։
«Սև ծովով հացահատկի արտահանման շուրջ համաձայնագրի գործողությունը այսօր, ըստ էության, դադարեցվել է», - հայտարարել է Պեսկովը։
Նրա խոսքով, սակայն, Մոսկվայի մի շարք պահանջների կատարման դեպքում «հացահատիկային գործարքը» կարող է կրկին կյանքի կոչվել։
«Ցավոք սրտի, սևծովյան պայմանավորվածությունների՝ Ռուսաստանին վերաբերող հատվածը չի կատարվել։ Այն պահին, երբ այն կյանքի կոչվի, ռուսական կողմը կվերադառնա գործարքի պայմանների կատարմանը», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Սև ծովով հացահատիկի տեղափոխման գործարքը կնքվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում 2022-ի հուլիսի 22-ին։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է այսօր՝ հուլիսի 17-ին։