Մեքենայի մեջ անշնչացած երկու երեխաների մայրը ՝ Վերա Նարիմանյանը պատմում է, որ օգնության ձեթ-շաքարավազի հետևից էր Մարտակերտ գնացել, երեխաներին թողել էր տանը՝ Աղաբեկալանջ գյուղում, որը Մարտակերտից մի քանի կիլոմետրի վրա է։
«Ոչ ձեթ կա, ոչ պեսոկ կա։ Ես էլ առանձին էի ապրում իմ էրեխեքի հետ։ Տղաս քնած ա, աղջիկս տունն ա, ասի՝ դու նայի, ես գնամ օգնությունը ստանամ, շուտ գամ։ Էդ կես ժամվա ընթացքում էրեխեքը կորել են», - պատմեց կինը։
3 տարեկան Լեոն 6-ամյա Գիտայի հետ տնից դուրս են եկել՝ հավանաբար փնտրելու մորը։ Վերան Մարտակերտում հավաքարար է աշխատում, հաճախ են ոտքով գնացել-եկել։ Փոքրիկները միայնակ քաղաք են հասել, ճանապարհին տեսախցիկն էլ է ֆիքսել նրանց։
Մայրն ասում է, թե կեսօրից հետո է իմացել, որ երեխաները տանը չեն, սկսել է որոնել նրանց, սկզբում մենակ, հետո երեկոյան դիմել է ոստիկանություն. - Սաղ գիշերը ես ոստիկանության հետ, պաժառնիի հետ, բանակի հետ սաղ գիշեր մենք ման ենք էկել, չենք ճարել»։
Աղաբեկալանջից ոտքով Մարտակերտ... երեխաներին ոչ ոք չի տեսել, որովհետև Արցախում բենզին ու մեքենա վարող չկա, գիշերը 11-ից 15 պակաս Մարտակերտում մի վաճառող է նրանց տեսել ու պաղպաղակ հյուրասիրել։
«Ասել ա՝ մամայի հետևից ենք ման գալի, ասել ա՝ դե սպասի, հեսա մամայիդ կճարենք։ Մինչև զանգի ոստիկանություն, հինգ րոպեյվա ընթացքում էրեխեքը չկային», - ասում է մայրը։
Առավոտյան արդեն լսել է՝ փոքրիկ տղան ու աղջնակը չկան. - «Լուսաբացին զանգել են, ուրիշ մարդ, զանգել են՝ գնա էրեխեքիդ դիակը բեր...»
Երեխաների մարմիններն առավոտյան իր մեքենայի մեջ գտել է մարտակերցի Արա Գրիգորյանը. - «Ես հեն եմ փիս վիճակում, ես չեմ կարում...»
Երկու ամիս առաջ էր այդ Բե-Էմ-Վե-ն գնել, չէր վարում, որովհետև բենզին չկա։ 4 դռներից մեկը՝ վարորդի կողմինը չէր փակվում, ենթադրում է հոգնած երեխաները այդտեղով են մտել մեքենայի մեջ՝ քնելու։
3-ամյա տղան նստատեղին էր, Գիտան, Արան ենթադրում է, շոգել ու շորերը հանել տակն էր դրել։ Մեքենայի պատուհանները փակ են եղել, այդ օրը՝ շոգ. - «Սաղ փակ իլալ, մեջը մի հատ օդ չի իլալ։ Էդ օրը 30 աստիճան տաք ա իլալ, պատկերացրեք ավտոյի մեջին ինչքան ա եղել տաք»։
Արա Գրիգորյանը երեխաների մորը չի տեսել, չի ճանաչում։ Այս պահին 40-ամյա տղամարդը միայնակ վեց և տասը տարեկան տղաներին է խնամում։ Կինը մնացել է Երևանում ու շրջափակման պատճառով ամիսներով կտրված է ընտանիքից։ Հացի առաքմամբ զբաղվող Արան ասում է՝ փոքրին ողջ օրը հետը մեքենայի մեջ ման է տալիս, որովհետև տանը նրան խնամող չկա։ Պաշարված Արցախում ամեն օր չլուծվող ու նաև ողբերգության հասցնող խնդիրներ են ստեղծվում։
Ինչո՞ւ են Աղաբեկալանջում երեխաները մնացել առանց խնամքի, ինչի՞ց են մահացել նրանք, արդյո՞ք շոգից, անօդ փակ տարածությունից։ Արցախի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ֆելիքս Հարությունյանից տեղեկացանք՝ առայժմ նախնական վարկած չկա. - «Նշանակված են համապատասխան փորձաքննություններ, տրված են հանձնարարականներ, ակտիվ դատավարական և քննչական աշխատանքներ են իրականացվում»։
Քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու և երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու հոդվածներով։ Մեղադրյալ չկա։
Մահացած երեխաների մայրը ամուսնալուծված է։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ասում է՝ ընտանիքը տեղահանվել է 44-օրյա պատերազմից հետո, ժամանակավոր հաշվառվել է Մարտակերտում. - «Ինքը Աղդամում էր ապրել մինչև 20 թիվը, 20 թվից հետո եկավ Մարտակերտ»։
Արցախի սոցիալական զարգացման նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել, քանի որ տեղեկություն ունեինք, որ երեխաները Ստեփանակերտի գիշերօթիկում են խնամվել նախկինում։ Նախարարությունից հաստատում են, որ մինչև քառասունչորսօրյա պատերազմի սկիզբը երեխաները խնամվել են գիշերօթիկում, պատերազմի ընթացքում տեղափոխվել են Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղեր։ Պատերազմի ավարտից ամիսներ անց, երբ երեխաներին հետ են վերադարձրել, Վերա Նարիմանյանը ցանկություն է հայտնել վերցնել իր երեխաներին։
Գիշերօթիկում ապրել են մահացած աղջնակը՝ Գիտան և նրա ավագ քույրը 7 տարեկան Զիտան, որ այժմ մոր հետ է։ Նախարարությունից ասում են՝ Սոցիալ-հոգեբանական կենտրոնի Մարտակերտի մասնագետները նրանց հոգեբանական աջակցություն են ցույց տալիս։
«Սաղ կյանքս տանջվելու եմ»,- ասում է երկու օր առաջ երկու երեխաներին հուղարկավորած կինը։