Մատչելիության հղումներ

Ակտիվիստն ու ոստիկանը մեղադրում են միմյանց իրար նկատմամբ բռնություն կիրառելու մեջ


Գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանը պնդում է, թե ոստիկանության աշխատակիցն իր նկատմամբ բռնություն է կիրառել։ Վերջինիս, ըստ Պողոսյանի, հանդիպել է Գյումրիի խանութներից մեկում, առանց վիճաբանելու զրուցելուց հետո հորդորել է իրենից հեռու մնալ։ Անակնկալի է եկել, երբ խանութից դուրս գալու պահին ոստիկանության աշխատակիցը հայհոյելով մոտեցել է իրեն, նշում է նա։

«Մոտենում եմ դրամարկղին, իմ վճարումը կատարում եմ և փորձում եմ խանութից դուրս գալ։ Այդ պահին ինքը իմ հետևից արդեն հայհոյանքներով մոտենում, է և սկսվում է ծեծկռտուք՝ այսպես ասած։ Ինձ համար իսկապես շատ անակնկալ էր այդ ամեն ինչը, և սա միանշանակ ես կփորձեմ գնահատել որպես զուտ կանխամտածված գործողություն», - ասաց նա։

Պողոսյանը միջադեպը կապում է իր ընդդիմադիր գործունեության հետ ու հավելում՝ սա առաջին դեպքը չէ. - «Սա վերջին տարիների ընթացքում առաջին դեպքը չէ, որ իմ նկատմամբ տարբեր բռնություններ կամ քրեական գործեր են կարվում։ Երևի այդ շարքից էր, առավել ևս վերջին ժամանակներում մենք տեսնում ենք, որ ոստիկանական թողտվությունը, կներեք բառիս համար, բեսպրիդելը բավականին նոր թափ է ստացել, ու նոր զարգացումներ են գնում, ես կարծում եմ, դա այդ շրջանակներում է»։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ծառայողական քննություն է նշանակվել, իսկ Քննչական կոմիտեից թե՝ վարույթ են հարուցել, բայց ոչ թե Կարապետ Պողոսյանի, այլ ոստիկան Արտակ Պողոսյանի դիմումի հիման վրա։

Ոստիկանն էլ պնդում է, թե Պողոսյանն է իր նկատմամբ բռնություն կիրառել։ Այս պահին նախաքննություն է ընթանում անձին հարվածներ հասցնելու հոդվածով, ինչը կապված է այդ անձի կողմից իր պետական, ծառայողական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Ոստիկանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չի հաջողվել, ոստիկանության լրատվականից էլ փոխանցեցին, թե նա մեկնաբանություն չի տա։

Իսկ ահա ինքը՝ բռնության մասին ահազանգող Կարապետ Պողոսյանը չի պատրաստվում դիմել իրավապահներին, ասում է՝ վստահություն չունի։

«Քանի որ ՀՀ-ում չեմ վստահում որևէ մարմնի, որն արդարադատություն է իրականացնում, ես պատրաստվում եմ նաև ինքս պատժել իմ հանդեպ սանձարձակություն թույլ տված անձին։ Չեմ, վստահում, ո՞ւմ դիմեմ։ Այս պահին որևէ գործողություն չեմ կատարելու, միանշանակ չեմ կատարելու, որովհետև և դատախազությունից, և Քննչական կոմիտեից, առավոտյան նաև ՄԻՊ գրասենյակից ինձ փորձեցին վստահեցնել, որ օրենքի շրջանակներում այս հարցը կարգավորվելու է, և այս հարցին տրվելու է համապատասխան իրավական գնահատական», - շեշտեց նա։

Այս դեպքով նաև օմբուդսմենի գրասենյակն է զբաղվում, քննության ընթացակարգ են սկսել։

Պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում և շեշտել, որ այն պետք է առանցքային լինի իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատակցի համար։ Վերջին շրջանում սա ոստիկանների կողմից բռնության միակ ահազանգը չէ։

Հայաստանյան իրավապաշտպաններն ընդգծում են՝ այս ահազանգերը սովորաբար ավարտվում են ծառայողական քննություններով՝ որևէ լուրջ իրավական հետևանքներ չունենալով օրինախախտ ոստիկանների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG