«Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. միանշանակ է», - դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց՝ երեկ ուշադիր լսել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկությունները, և այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, տրամաբանական է և իրականացնելի է համարում։
«Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»,- նշեց Սերժ Սագսյանը։
Հարցին, թե միակ պայմանը իշխանափոխությո՞ւնն է, պաշտոնաթող նախագահը պատասխանեց. - «Դա լավագույն լուծումը կլիներ, բայց եթե իրոք կարողանան պայմանավորվել, որ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ մի խումբ աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ իրականանա։ Թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալ»։
Վարդան Օսկանյանը լիազորություն ստանալու դեպքում խոստացել է կարճ ժամանակում բեկում մտցնել բանակցային գործընթացում։ Սակայն նա պայման էր դրել՝ Փաշինյանը 3 ամիս պետք է լռի, քանի որ նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ «Փաշինյանի խոսելը հայ ժողովրդի գլխին բերել է պատերազմ», և պատերազմից հետս էլ այս ողջ ժամանակահատվածում նրա խոսելը էլ ավելի է խորացրել եղած խնդիրները։