Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի պնդմամբ՝ գործը հիմնված է նախկին ոստիկանապետերից մեկի ցուցմունքի վրա


Հակակոռուպցիոն կոմիտեն երրորդ անգամ փորձում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առնչվող գործը ուղարկել դատարան։ Ապօրինի ձեռք բերած միլիարդավոր դրամներն օրինականացնելու և քրեական այլ հոդվածներով անցնող Գասպարյանի գործը քննվում է արդեն մոտ 4 տարի։

Դատախազությունը նախորդ տարի երկու անգամ չէր հաստատել մեղադրանքը և գործը հետ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ապացույցներ հավաքելու։ Եվս մեկ տարի գործը քննելուց հետո Քննչականն այն կրկին ուղարկել է կողմերին և առաջիկայում կներկայացնի դատախազության հաստատմանը։ Արդյոք երրորդ փորձը հաջող կլինի՝ դեռ պարզ չէ։

64-ամյա նախկին ոստիկանապետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան երկու միլիարդ դրամը օրինականացնելու, լիազորությունները չարաշահելու, օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք՝ թանկարժեք տներ, մեքենաներ ձեռք բերելու համար։

Գասպարյանը մեղքը չի ընդունում, ամեն ինչ կպարզվի դատարանում, «Ազատության» հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտի փաստաբանը։ Ալեքսանդր Կոչուբաևի պնդմամբ՝ գործը հիմնված է նախկին ոստիկանապատերից մեկի ցուցմունքի հիման վրա։ Չբացահայտելով բարձրաստիճան նախկին ոստիկանի ինքնությունը՝ փաստաբանը փոխանցեց, որ նա իրավապահներին բողոքել է, թե Գասպարյանը պետության միջոցներից բնակարաններ է բաժանել ծանոթներին, այդ թվում՝ դստեր պրոդյուսերին։

«Նախկին ոստիկանապետերից մեկի, հետագայում գործի դատական քննությանը չխանգարելու նպատակով թույլ տվեք անուն չհրապարակել, բայց այդ մեկ անձը զոռ է տվել երևակայությանը, հանգել հետևության, որ Վլադիմիր Գասպարյանի կինը չի աշխատել, կամ օրինակ՝ ապօրինի բնակարաններ է տվել պաշտոնատար անձանց ոստիկանության այն պարագայում, երբ ինքը հենց այդ մեկ ծառայողներից մեկն է, ով Գասպարյանի ձեռքից բանալի է վերցրել և բնակարան ունեցել», - ասաց նա։

Այս գործի դրվագներից մեկն էլ առնչվում է Գասպարյանի կնոջը. ըստ մեղադրանքի՝ ոստիկանության ավագ ռեֆերենտ նշանակված և գնդապետի կոչում ստացած կինը ավելի քան 19 մլն դրամ աշխատավարձ է ստացել, բայց աշխատանքի չի ներկայացել։

«Սուսաննա Գասպարյանը, այո, հաճախել է ոստիկանությունում աշխատանքի, նաև ռազմական ոստիկանությունում աշխատանքի և կատարել իր պաշտոնից բխող պարտականությունները», - նշեց փաստաբանը։

Գասպարյանը չի ընդունում ոչ միայն այս մեղադրանքը, այլև արդեն դատարանում քննվող մեկ այլ գործով իրեն վերագրվող արարքները։ Նախկին ոստիկանապետը մեղադրվում է պետական միջոցները վատնելու, յուրացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։ Ըստ իրավապահների՝ զինվորական ոստիկանությունում, ապա Պաշտպանության նախարարությունում ծառայելու ժամանակ Վլադիմիր Գասպարյանը մի քանի զինծառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն վարորդ աշխատել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։

Իրավապահների գնահատմամբ՝ այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Գասպարյանին առնչվող երրորդ գործն էլ նրա ապօրինի ունեցվածքի վերաբերյալ է. դատախազությունը նախկին ոստիկանապետից պահանջում է պետությանը փոխանցել ապօրինի ձեռք բերված շուրջ 5 միլիոն դոլարի գույք ու ավելի քան 425 հազար դոլար։ Այս գործը ևս դատարանում է։ Գասպարյանները շարունակում են պնդել՝ ամեն ինչ ձեռք են բերել արդար ճանապարհով։

XS
SM
MD
LG