Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ


«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին հղած շնորհավորական ուղերձում:

«Մենք բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ», - ասված է ուղերձում, որը տարածել է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականը:

«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիության, հանուն անկախության, ինքնիշխանության և տարածաշրջանում երկարատև խաղաղ զարգացման», - գրել է Փաշինյանը Բայդենին:

«Վերջին տարիների հայ-ամերիկյան ակտիվ երկկողմ հարաբերությունները խոստումնալից են՝ հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունների միջև առկա է փոխվստահության վրա հիմնված համագործակցություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով հասցեագրելու առկա մարտահրավերները և առավել ամրապնդելու մեր պետությունների ու ժողովուրդների միջև կապը», - ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և իր անունից ջերմորեն շնորհավորում է Միացյալ Նահանգների նախագահին և բարեկամ ժողովրդին:

«Միացյալ Նահանգները և իր ժողովուրդը պետության կերտման բարդ գործընթացն անցել են անկախության գաղափարի շուրջ համախմբման, ժողովրդավարական ապագայի տեսլականի ձևավորման և դժվարությունները միասնաբար հաղթահարելու ճանապարհով։ ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը ժողովրդավարության հարցում իր նպաստն է բերում ազատության, հավասարության և մարդու անօտարելի իրավունքների հիմնարար արժեքների առաջմղմանը բազմաթիվ երկրներում», - ասված է ուղերձում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG