Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել է հրավիրել Վրաստանի դեսպանին, նրան վճռական բողոք հայտնել և կարգադրել 48 ժամում վերադառնալ Թբիլիսի ու վերադասների հետ քննարկել բանտարկված նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին բուժման համար Ուկրաինա մեկնելու հնարավորություն տալու պաշտոնական Կիևի պահանջը:
Զելենսկին հայտարարել է, որ Սաակաշվիլիի կյանքը վտանգված է, և նրան փրկելու համար Ուկրաինայի գործընկերները պարտավոր են ահազանգել այդ մասին ու իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Սաակաշվիլիի:
Հուլիսի 3-ին Սաակաշվիլին Թբիլիսիի հիվանդանոցից տեսակապով մասնակցել է դատավարությանը, որի ընթացքում հայտարարել է, թե իր ներկայիս ծանր վիճակի համար պատասխանատվություն են կրում «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սաակաշվիլին 2013 թվականին է հեռացել Վրաստանից, որտեղ հեռակա կարգով դատապարտվել է 3 և 6 տարվա ազատազրկման: 2021 թվականի հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններից առաջ նա գաղտնի ճանապարհով վերադարձել է, ինչից հետո ձերբակալվել է: Բանտում նա երկարատև հացադուլ էր հայտարարել: