Սա հատված չէ մարտական ֆիլմից, այլ հրավառություն՝ գիշերը 1.30-ի սահմաններում Սարյան-Պուշկին փողոցներում։
«Մեկն անց կես, երկուսին, երեքին հրավառություններ են, որ տեղի են ունենում։ Վերջինը, որ տեղի ունեցավ, շաբաթ օրն էր մեկն անց կես։ Ուժգին հրավառությունների ձայներ։ Միանգամից բնականաբար քնից վեր ես թռնում ու սթրեսային վիճակում ես հայտնվում», - պատմեց Կենտրոն համայնքի բնակիչ Էդուարդ Պողոսյանը, ով պատուհանից է հասցրել մի քանի վայրկյան նկարել հրավառությունը հուլիսի 2-ի կեսգիշերն անց։
«Սովորական երևույթ է», - ասում է Էդուարդը՝ շեշտելով, որ հատկապես ամռանը հրավառություններն ավելի հաճախակի են դառնում ու ավելի ուշ ժամերի. - «Երբ դա տեղի է ունենում մեկն անց կես, երկուսին ու երեքին, առաջին բանը, որ մտքովդ անցնում է, դա ընդհանրապես հրավառության մասին չէ։ Աստված մի արասցե, մտածում ես կամ ռազմական հարձակում էր՝ եթե, բնականաբար, ձայները ուժգին են լինում, կամ, չգիտեմ... օրինակ, նվազագույնը դա կրակոց էր»։
Ըստ օրենքի, 23։00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը հրավառություն չպետք է լինի, իսկ օրինազանցները պետք է տուգանվեն 100 հազար դրամով։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում՝ տուգանքը կրկնապատկվում է։
Ոստիկանությունը դեռ չի պատասխանել «Ազատության» հարցմանը, թե այս և նախորդ տարվա ընթացքում քանի օրինազանց է տուգանվել։ Միայն հայտնեցին, որ հուլիսի 2-ին տեղի ունեցածի դեպքով երիտասարդ տղա է ձերբակալվել. - «Ահասարսուռ հրավառությունը կազմակերպել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, որի ասելով, այդպես նշում էր ընկերոջ ծննդյան տարեդարձը»։
Բայցևայնպես քաղաքի տարբեր մասերում գիշերային հրավառությունների միջադեպերը շատ հաճախ լուծվում են քնից սարսափահար արթնացած հարակից շենքերի բնակիչների բարկացած արձագանքներով։
«Մի անգամ ականատես եմ եղել մեր պատշգամբից մի դեպքի, երբ էլի մեկն անց կես - երկուսի հատվածում հրավառություն էր, մոտակայքում կանգնած էր ոստիկանության մեքենա, ոչ մի բան իրանց կյանքում չփոխվեց էդ հրավառությունից հետո։ Անգամ չփորձեցին գնալ դեպի էդ ուղղությունը։ Եթե հստակորեն հատկապես սահմանված է օրենքով, թե մինչև երբ կարելի է հրավառություն իրականացնել։ Այսինքն՝ հստակ խախտում էր», - պատմեց Էդուարդը։
Հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ արտահայտվեց այս թեմայով՝ դիմելով ոստիկանությանը. - «Հիմա հանրության առաջ կանգնած քննարկում ենք, որ չէ, չի ըլնի։ Կըլնի և պետք ա ըլնի։ Դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»։
Անցած տարի իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նախագիծ էին ներկայացրել, որով հրավառությունները Երևանում թույլատրվում են միայն Հանրապետության ու Ազատության հրապարակներում՝ բացառապես տոն օրերին, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:
Ավագանին միաձայն ընդունել էր Ավինյանի ներկայացրած նախագիծը։ Ի՞նչ վերահսկողություն է իրականացվում, քաղաքապետարանից այսօր պատասխան չստացանք։
ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ավելի վաղ հույս էր հայտնել, որ իր հեղինակած հրավառությունների ներմուծումը, վաճառքը, կիրառումը արգելող օրինագիծն էլ խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում, այս տարի հունիսից կգործի։
«Օրենքը ուշանում է, որովհետև խորհրդարանը դեռ միայն առաջին ընթերցմամբ է ընդունել», - «Ազատությանը» փոխանցեց Գաբրիելյանը՝ հույս հայտնելով, որ սեպտեմբերից ամբողջությամբ կընդունվի ու կգործի։
Պատգամավորի խոսքով, այս ընթացքում ավելի է խստացվել նախագիծը՝ դրսում օգտագործվող հրավառությունների մասով. - «Դրանց ներմուծումը, վաճառքը, կիրառումը ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում արգելվի, և թույլատրվի բացառապես պետական և համայնքային նշանակության միջոցառումների կամ «Տոների և հիշատակի օրերին մասին» օրենքով նախատեսված տոնական օրերին։ Այսինքն՝ շարքային քաղաքացիները մասնավոր միջոցառումների ժամանակ հնարավորություն չեն ունենա կիրառելու հրավառություն։ Մենք կարծում ենք, որ սա ըստ էության էականորեն կնվազեցնի բոլոր վատ միջադեպերը, դեպքերը, որոնք արձանագրվում են մայրաքաղաք Երևանում»։
Քանի դեռ չկա օրենք, չկա կոնկրետ վերահսկողություն, ապօրինի հրավառությունների հարցը մնում է բնակչի վրա, որը պետք է հասցնի այդ մի քանի վայրկանների ընթացքում կառավարի վախը, վերցնի հեռախոսը, նկարի, հաղորդում ներկայացնի՝ հույսով, որ իրավապահներն ընթացք կտան։ Սոցիալական ցանցերում շատերն են բողոքում՝ ո՞րը հասցնեն նկարել՝ Կենտրոնում մեկը մյուսին հաջորդող գիշերային հրավառույթուննե՞րը, չդադարող բարձր երաժշտությո՞ւնը, թե՞ մեքենաների վայրագ ընթացքը։