Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը ուրբաթ երեկոյան թարմացրել է «օտարերկրյա գործակալների ցանկը», որում, մի շարք այլ անհատների և հաստատությունների հետ մեկտեղ, ավելացվել է նաև հայտնի երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովի անունը։
Ռուսական ռոք երաժշտության կենդանի լեգենդներից մեկը համարվող 69-ամյա Գրեբենշչիկովը հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեմ։ 2022 թվականի փետրվարին նա հայտարարել է՝ «տեղի ունեցողը կատարյալ խելահեղություն է։ Այս պատերազմը սանձազերծած մարդիկ խելագարներ են։ Նրանք Ռուսաստանի խայտառակությունն են»։
Գրեբենշչիկովը վերջին տարիներին ժամանակի հիմնական մասը անցկացնում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Մեծ Բրիտանիայում։