Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ կհնչի Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սիմֆոնիկ սյուիտը


Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում ուշագրավ համերգով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կհնչի Գյուստավ Հոլստի «Մոլորակները» չափազանց հետաքրքիր սյուիտը՝ նվիրված երկնային մարմինների կերպարային տպավորություններին։

Համերգի ընթացքում ոչ միայն երաժշտությամբ, այլև վիզուալ պրոյեկցիաների շնորհիվ ունկնդիրը կտեղափոխվի տիեզերքի անհունը, մոլորակների աշխարհը։

Համերգային ծրագրում ընդգրկված է նաև մեկ այլ ուշագրավ սյուիտ՝ Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սիմֆոնիկ սյուիտը և Ջութակի կոնցերտը, որը ներկայացնելու համար Սերգեյ Սմբատյանը հրավիրել է իտալացի անվանի ջութակահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Աննա Տիֆուին։

Տիֆուն արդեն երրորդ անգամ է Հայաստանում, շատ տպավորված է մեր երկրից, մեր ժողովրդից և, իհարկե, նվագախմբից, որի հետ մեծ հաճույքով է հանդես գալիս. - «Շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել են կատարելու այս ստեղծագործությունը նվագախմբի հետ։ Այն շատ բարդ ստեղծագործություն է, և պետք ունենալ լավ նվագախումբ և շատ լավ դիրիժոր, որ այն կարողանալ կատարել։ Թե' նվագախումբը, թե' Սերգեյ Սմբատյանը լիովին համապատասխանում են այս բարձր չափանիշներին»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում էր. - «Մենք էսօր փառահեղ ծրագիր ունենք։ Կորնգոլդ «Ռոբին Հուդի արկածները» հայտնի սիմֆոնիկ սյուիտը, հայտնի է աշխարհում, Հայաստանում դա չի հնչել։ Եվ Հոլստի «Մոլորակները», որը որ վստահ եմ, որ հնչել է Հայաստանում, բայց մենք փորձել ենք մի քիչ ավելի կրեատիվ մոտեցում տանք, որ ստեղծենք այն մթնոլորտը, որովհետը ամեն մոլորակ ունի հստակ պատմողական վերնագիր, թե ամեն մոլորակ ինչ ա բերում իր հետ։ Փորձել ենք տենց մթնոլորտ ստանալ դահլիճում։ Կարծում եմ, որ նման ծրագրերը շատ հստակ ունեն հնարավորություն ցույց տալու լայն մասսաներին, որ ակադեմիական սիմֆոնիկ արվեստը կարող է լինել նաև շատ ժամանցային։ Եկեք չվախենանք այդ բառից, որովհետև «Մոլորակներ» այն սիմֆոնիկ... նույնիսկ անվանումն է, որ մարդիկ ուղղակի ուզում են գալ ու լսել։ Կարծում եմ, դա մեծագույն ձեռքբերում է։ Աննա Տիֆուն շատ լավ բարեկամն է մեր նվագախմբի, հաճախ ենք աշխատել միասին։ Ֆանտաստիկ ջութակահարուհի է, որը որ շատ ուրախ եմ, որ այսօր մեր հետ ա, որը որ կնվագի Կորնգոլդի Ջութակի կոնցերտը, որը շատ հաճախ չի կատարվում»։

Անդրադառնալով առաջիկա համերգային ծրագրերին՝ Սերգեյ Սմբատյանն ասաց, որ Երևանում հուլիսի 4-ին կայանալիք համերգներից հետո ողջ համերգային ծրագիրը կիրականացնեն մարզերում. - «Հուլիսին ունենք շատ լավ համերգներ, մեծ մասը դրսում, մարզերում համերգներ, որը որ կարևորում եմ։ Որոշել ենք, որ այս տարվա համերգաշրջանը ավարտենք մարզային համերգներով։ Հուլիսի 4-ին ունենք Բրուկների սիմֆոնիան Երևանում, և հետո ունենք երեք համերգ մարզերում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG