Մատչելիության հղումներ

Փաստաբանների գործադուլի պատճառով տասնյակ դատական նիստեր այսօր հետաձգեցվին


Մեկօրյա բողոքի ակցիայի միջոցով փաստաբաններն ահազանգում են՝ ոտնահարվում են իրենց իրավունքները, ինչպե՞ս կարող պաշտպանել վստահորդներին, երբ իրենք են ծեծի ենթարկվում ոստիկանական բաժանմունքներում։

«Միջադեպում ներգրավված համապատասխան անձինք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը, և մեր համայնքը, ցավոք սրտի, չի տեսնում այն միջոցները կամ այն գործիքակազմը, որը որ պետք է կիրառվեր նմանատիպ իրավիճակներում», - ասում է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ հիշեցնելով, որ չորս ամսվա ընթացքում երեք փաստաբան է բռնության ենթարկվել։

Փետրվարին Էրեբունու ոստիկանական բաժնում ոստիկանները ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, որոնք ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալների շահերը։ Փաստաբանները պնդում էին, թե գործով վարույթն իրականացվում է ոչ բավարար արագությամբ։ Մոտ 20 օր առաջ էլ Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել Կարեն Ալավերդյանը։ Մինչդեռ բռնություն գործած ոստիկանները, ըստ պալատի նախագահի, շարունակում են պաշտոնավարել։

Փաստաբանական համայնքը, Բաբայանի փոխանցմամբ, սա որակում է որպես անտարբերություն իրենց աշխատանքի հանդեպ. - «Այն դատախազը և քննիչը, որը որ իրականցրել է այս վարույթները, պետք է քննարկվեր վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Պետք է դադարեցվեր նաև Կենտրոն ոստիկանական բաժանմունքի ղեկավարի պաշտոնավարումը, քանզի մենք արդեն տեղեկացված ենք մի շարք դեպքերի մասին, որ կապվում են հենց այդ բաժանմունքի հետ»։

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ երկու գործով էլ մեղադրյալ չկա։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնեցին, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծի գործով քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը։

Ալավերդյանը վստահ է, որ այս արձագանքը փաստաբանների բարձրացրած աղմուկի արդյունքն է. - «Նաև լիահույս ենք, որ իրավապահ մարմինները ևս արժանի գնահատականի կարժանացնեն էս ամեն ինչը, որովհետև սա ոչ միայն իմ անձի կամ իմ վստահորդի անձի հետ կապված խնդիր է, ոչ այնքան, ինչքան էս ամեն ինչի պատճառները բացահայտելու, խոշտանգման դեպքերին հակազդման ներպետական մեխանիզմները կրկին վերանայելու, կատարելագործելու, հանցավոր արարքների պայմանները և նպաստող պայմանները վերհանելու և դրանք վերացնելու էդ ամբողջ գործիքակազմը գործի դրելու համար»։

Կարեն Ալավերդյանն ավելի վաղ պատմել էր, որ հունիսի 7-ին իր պաշտպանյալին ծեծելուց հետո ոստիկանները նաև իրեն են բռնության ենթարկել։ Սակայն արդյունքում իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար. - «Այսինքն՝ ոչ միայն էս պահին խոշտանգման դեպքին պատշաճ արձագանք տեղի չի ունենում, այլ ունենք ավելի մտահոգիչ իրողություն, երբ որ էդ ամեն ինչի հետևանքով նաև մենք ենք հայտնվել քրեական հետապնդման տիրույթում»։

Փաստաբանների պալատի նախագահը պնդում է՝ ոստիկանության խախտումները սրանով չեն ավարտվում, քաղաքացու շահերը ներկայացնող փաստաբանին իրավունք չունեն խուզարկել, նրա նկատմամբ արցունքաբեր գազ կիրառել։ Ալավերդյանին ձերբակալել են և այդ մասին չեն տեղեկացրել պալատին, ինչը ևս օրենքի խախտում է։

Փաստաբանների գործադուլն այսօր ամփոփոփվեց բողոքի երթով. խորհրդանշական նվեր ունեին Կենտրոնի ոստիկանապետին՝ բռնքամարտիկի ձեռնոցներ։

«Չի կարելի ծեծի ենթարկել քաղաքացիներին։ Եվ մենք կարծում են, որ եթե ոստիկանության համակարգը այս դեպքին խիստ արձագանք չտա, ապա անուղղակիորեն իր վրա կվերցնի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը», - հայտարարում են գործադուլավորները։

Վաղը փաստաբանները կշարունակեն աշխատանքը՝ չբացառելով այլ բողոքի ակիցաները՝ եթե իրենց բարձրացրած խնդիրներին արձագանք չլինի։

Ոստիկանությունից չեն մեկնաբանել փաստաբաններին ծեծի ենթարկելու մասին ահազանգերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG