Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարել է, որ վերաինտեգրման հարցերը քննարկելու Ղարաբաղին ուղղված հրավերը դեռ ուժի մեջ է


Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը փակ պահելու և Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի, էթնիկ զտման քաղաքականության մասին կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ադրբեջանի արտգործնախարարությունը «աբսուրդային մտքեր» է որակել Փաշինյանի հայտարարությունը, որ չնայած միջազգային դատարանի որոշմանը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքը անօրինական փակ է պահում։

Ավելին, Բաքուն Հայաստանին է մեղադրում՝ ասելով, թե հունիսի 15-ի միջադեպի պատճառով է երթևեկությունը խաթարվել։

Հակադարձելով Արցախում էթնիկ զտում իրականացնելու քաղաքականության մեղադրանքներին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր «Հայաստանն է 30 տարի էթնիկ զտում կատարել գրեթե մեկ միլիոն ադրբեջանցիների նկատմամբ»։

Ինչ վերաբերում է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունում միջազգային մեխանիզմների ներդրմանը, ապա Բաքուն ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքում ապրող հայկական ծագում ունեցող բնակիչների հետ» երկխոսության, նրանց իրավունքներն ու ազատությունները ապահովելու հարցը իր ներքին գործն է՝ ադրբեջանական օրենսդրության շրջանակով։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ լի է վճռականությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հայկական ծագմամբ բնակիչների վերաինտեգրման համար, և այս, ինչպես նաև այլ հարցեր քննարկելու հրավերը դեռևս ուժի մեջ է մնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG