Մատչելիության հղումներ

«Փյունիկ» զարգացման կենտրոնում բացվել է գյումրեցի գեղանկարիչ Վաչագան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը


Գեղանկարիչ Վաչագան Պողոսյան
Գեղանկարիչ Վաչագան Պողոսյան

Բյուզանդի 3 հասցեում գտնվող «Փյունիկ» զարգացման կենտրոնում բարերար Գաբրիել Չեմբերջյանի կողմից ստեղծված, արդեն մոտ չորս տարի գործող ցուցասրահում «Այլևս երբեք» խորագրի ներքո իր անհատական ցուցահանդեսն է բացել գյումրեցի 40-ամյա գեղանկարիչ Վաչագան Պողոսյանը։

«Այստեղ ամեն շաբաթ, ամեն տասը օրը մեկ մի նկարիչ ցուցադրվում է, և անվճար։ Դա մեզ օգուտ է, մեզ բոլորիս, ազգին և մշակութային զարգացմանը, որովհետև այսօր Երևանի կենտրոնում անվճար տրամադրելը, ինձ թվում է, բարդ խնդիր է, բայց հաճելի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Նա սկսել է նկարել 6 տարեկանից և իր ամբողջ կյանքը նվիրել գեղանկարչությանը. - «Միշտ նկարել եմ, չի եղել ժամանակ, որ չնկարեմ»։

Գեղանկարիչն այսօր արդեն չափազանց ուշագրավ, գունեղ, փիլիսոփայական իմաստավորումներով, թեմատիկ տարբեր ուղղվածություններով ավելի քան 600 կտավ ունի։ Այս ցուցահանդեսը Վաչագան Պողոսյանի 39-րդ անհատականն է, որտեղ ներկայացված 2009-23 թվականներին ստեղծված 47 աշխատանքներից Հայոց Ցեղասպանությանը նվիրված 13 կտավ կա։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից 20-ը ցուղադրվում են առջին անգամ։

«Ավելի հասուն տարիքում անդրադարձել եմ հայոց Մեծ Եղեռնին, նաև անդրադարձ ունեմ աշխարհի բոլոր ցեղասպանություններին՝ Հոլոքոսթին, Ռուանդային ցեղասպանությանը։ Կտավներիս երևի 200-ից ավելը նվիրված են ցեղասպանությունների թեմային։ Ունեցել եմ շատ անհատական ցուցահանդեսներ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Շատ ցուցահանդեսներ ունեցել եմ Գյումրիում, Երևանում, Մոսկվայում եմ երեք անգամ ցուցադրվել, Չելյաբինսկում։ Օրինակ, Մոսկվայում սինագոգի մեջ էին ցուցադրել Հայոց ցեղասպանությանը նվիրված նկարները, մոտ երկու ամիս կախված է եղել իրենց սինագոգում։ 2023 թվի ապրիլի 22-ին Գյումրիում, համայնաքապետարանի թանգարանում՝ հենց նվիրված Հայոց ցեղասպանությանը, խորագիրը՝ «Ո'չ ցեղասպանությանը»։ Այս ցուցահանդեսն էլ ինչ-որ կերպ էլի նվիրել եմ, խորագիրը «Այլևս երբե'ք» է։ Ես իմ վրեժը, իմ պայքարը տանում եմ վրձնի և իմ գույների միջոցով։ Եվ ցանկացած հայ իր վրեժը պետք է լուծի այդպես... Ասենք, մեր երեխաները, մեր սերունդները լավ սովորելով, լավ ուսում ստանալով, արվեստի մեջ, գիտության մեջ, ցանկացած բնագավառում արդյունքի հասնելով՝ արդեն իսկ դրանով էլ ենք մեր վրեժը լուծում։ Ես կողմնակից եմ խաղաղության, իմ բոլոր նկարների մեջ լույս կա, իմ նկարներում ոչ մի տեղ չկան արյունոտ տեսարաններ, ցեղասպանության դրվագները չկան։ Իմ նկարներում պատկերված են ապագայի, լույսի և մեր առաջ նայելու արևավառ գույները։ Իմ մոտ գույներն ավելի լավ են խոսել, քան բառերը»։

Հարցին, թե արդյոք վաճառում է իր աշխատանքները, գեղանկարիչն արձագանքեց. - «Ես վաճառել եմ նկար։ Հիմա, ցավոք սրտի, շատ դժվար է նկար վաճառելը։ Ես, փառք Աստծո, ունեմ աշխատանք, որ կարող եմ այդ արվեստից դուրս աշխատանքը անելով գումար եմ վաստակում և ինձ բավարարում է։ Շատ քիչ է եղել, երևի էսքան տարիների մեջ մի երեք նկար եմ վաճառել։ Իմ կարծիքով, Հայաստանում նկար վաճառելը շատ բարդ է»։

Իսկ հարցին, թե ինչն է ամենակարևորը նկարչի համար Վաչագան Պողոսյանը պատասխանեց. - «Գտնի իրենը։ Ոչ միայն իր ոճը։ Նկարիչը էն ժամանակ բավարարված կլինի, երբ որ ինքը նկարը ավարտեց և հասկացավ, որ այդ նկարը ստացված է։ Հաջորդիվ միտքը. շատ կարևոր է, որ նկարիչը միշտ ունենա միտք։ Գույնի զգացողությունը... դա կարևոր նկարչի համար, իմ կարծիքով»։

Վաչագան Պողոսյանի յուրօրինակ ներաշխարհից ու աշխարհի ազնիվ ընկալումներից ծնունդ առած այս չափազանց ուշագրավ ստեղծագործությունների ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 28-ը։ Ցուցասրահը բաց է կեսօրից մինչև երեկոյան ժամը ինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG