Մատչելիության հղումներ

Ծիրանի ցածր գինը Արարատյան դաշտում բողոքի ալիք է բարձրացրել


Արարատյան դաշտում բերքահավաքը բողոքի ալիքով է սկսվել։ Անցած տարի խաղողի ինքնարժեքից էլ ցածր գինն էր գյուղացիներին ոտքի հանել, հիմա էլ պատճառը կրկնակի էժանացած ծիրանն է։ Գնորդները 300 դրամ են առաջարկում՝ նախորդ տարվա 600-ի փոխարեն:

«Անցած տարի սկսել ենք 600-700 դրամից, ամենավերջին գինը եղել է 300 դրամ: Այս տարի գնումները սկսեցին 300, նույնիսկ 200 դրամ էին առաջարկում, ժողովուրդը ըմբոստացավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ջրաշենի ծիրանի մեծաթիվ այգիներից մեկի սեփականատեր Գոհար Խաչատրյանը:

Ջրաշենի ծիրանի բերքը գրեթե ամբողջությամբ Ռուսաստան է արտահանվում։ Խաչատրյանը պատմում է՝ նախկինում երբեք նման խնդիր չեն ունեցել։ Միրգը դեռ ծառին՝ բեռնատարները իրար հերթ չտալով գալիս էին՝ իրենց ձեռնտու գին առաջարկելով:

«Յուրաքանչյուրիս մի կիլոգրամին 50 դրամ փող էլ եթե մնա, լավ է, չի մնա: Չի' մնում», - ընդգծեց կինը: Նա հաշվարկների մեջ է. այգին միջինը 5 տոննա բերք է տալիս, եթե ամբողջը 300-ով վաճառեն, մեկուկես միլիոն կկազմի, որից դուրս են գալու ծախսերը, աշխատողներին վճարած գումարը՝ կեսն էլ չի մնա իրեն ամբողջ տարվա աշխատանքի դիմաց. - «Իսկ մենք փետրվարից ստեղ ենք, աշխատում ենք»:

Ի նշան բողոքի՝ ջրաշենցիներն այս շաբաթ մի ամբողջ օր փակել էին մայրաքաղաք տանող մայրուղին։

Համայնքապետարանից նրանց վստահեցրել են՝ ուշադրության կենտրոնում կպահեն հարցը, կքննարկեն Կառավարությունում։ Գնորդները գյուղացիներին ասել են՝ ցածր գնի պատճառն անցած տարվա համեմատ էժանացած ռուբլին է. փոխարժեքն այժմ 5 դրամի չի հասնում, անցած տարի 7 դրամից ավելի էր։ Այսինքն՝ արտահանողները հայկական բերքը Ռուսաստանում ավելի էժան են վաճառում։

Խնդրին խորհրդարանի ամբիոնից նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է անդրադարձել՝ խոստանալով լուծումներ գտնել: «Մրցակից երկրները էական սուբսիդավորում են անում, օրինակ՝ Ուզբեկստանը էական սուբսիդավորում է անում ծիրանի լոգիստիկ ծախսերը: Ընդհանուր առմամբ, պետք է արագ վերլուծենք՝ շուկայում՝ թե՛ մեր, թե՛ արտահանման շուկաներում իրավիճակը ինչպիսին է, բայց արագ լուծում կտանք և կփորձենք ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը», - ասել է նախարարը:

Ջրաշենցիներից ծիրան գնող ու Մոսկվա արտահանողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ցածր գինը մի շարք այլ գործոններով էլ բացատրեց. այս տարի Ուզբեկստանում է բերքը շատ առատ, հայկական ծիրանը մրցակցության մեջ է, գումարած՝ Լարսում հերթերը։ Գործարարը կարծում է՝ իշխանություններն իրավիճակը փոխել այժմ չեն կարող. - «Կառավարությունը կարար միջոցներ ձեռնարկեր Լարսում էդ մեքենաները արագ անցնեին, չդատարկվեին: Շատ մեծ հերթեր ա գոյացել՝ մոտավորապես ութ օրում ա մեքենան տեղ հասնում, մեր հաշվարկներով»:

Ջրաշենցիները նախարարի խոստումներին չեն հավատում, մայրուղին փակած ցուցարարներից Բարսեղ Բարսեղյանն արդեն մտավախություն ունի, որ անգամ 300 դրամից էլ քիչ կառաջարկեն: «Մի քիչ էլ ամեն ինչ թող խղճին մոտիկ լինի: 300 դրամը՝ էդ, կարծում եմ, համ մեզ գոնե սենց յոլա տանելու գին ա, ասենք թե, էդ ձևով ասած, իրանց էլ, կարծում եմ, հարմար կլինի, որ իրանք էլ իրանց գումարը աշխատեն: Բայց արդեն առիթից օգտվել, անխղճություն անել ժողովրդի, գյուղացիների հանդեպ, ջրաշենցիների հանդեպ՝ էդ ճիշտ չի, էլի: Շատ կլիենտներ, ես լսել եմ, որ 250-ով են տանում, կամ 200-ով են տանում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բարսեղյանը:

Ծիրանի ցածր գինը գյուղատնտեսական տարվա ամենամեծ մարտահրավերը չէ։ Կառավարությունն էլ չի թաքցնում՝ ինչպես անցած տարի, այս աշնանն էլ խաղողի մթերումը մեծ խնդիրներով է ուղեկցվելու, գուցե բերքը կրկին վազերին մնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG