Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ


Այսօր ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը՝ նշելով՝ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ըստ ՊԲ-ի՝ հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Բաքուն իր հերթին հաղորդել է, թե «հայկական զինված ապօրինի խմբավորումները հունիսի 8-ին առավոտյան 7։40-ի սահմաններում կրակել են Շուշայի (Շուշի) ուղղությամբ»։

Բաքուն նաև պնդել է, թե «գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձ է կատարվել, սակայն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»։

Ստեփանակերտն ապատեղեկատվություն է որակում Բաքվի պնդումները՝ ընդգծելով՝ Ադրբեջանը փորձում է այդ կերպ հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի առավոտյան կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղությամբ, ինչպես նաև Ասկերանի շրջանում փորձել են իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG